Համագործակցություն «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ
ՀասարակությունՕրերս ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանին եւ տվյալ կառույցի ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ Գևորգ Գրիգորյանը նախարարին է ներկայացրել ասոցիացիայի առաքելության հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել մի հարթակ, որը երիտասարդ բժիշկներին ու ոլորտի առավել փորձառու մասնագետներին հնարավորություն կընձեռի համախբվել ու փոխանակվել փորձով, գիտելիքներով` հաստատելով կապեր ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ հետ:
Ասոցիացիայի առաջնակի նպատակներից է նաև առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականցումը, ինչպիսիք են Արցախի սոցիալապես անապահով, խոցելի խավերի ներկայացուցիչներին նեղ մասնագիտական բժշկական անվճար խորհրդատվությունների տրամադրումը և հիվանդներին ստացիոնար բուժօգնությունը մասնագիտացված բժշկական կենտրոններում կազմակերպելը:
Ծրագրվում է նաև իրականացնել բժշկական կրթական դասընթացներ ինչպես սահմանամերձ գյուղերի ազգաբնակչության, այնպես էլ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար: Նախատեսվում է նաև մասնագիտական սիմպոզիումների, համաժողովների և դասընթացների անցկացում Արցախում:
Լսելով ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացրած ծրագիրը ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ողջունել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությունը, ինչպես նաև ծրագրված աշխատանքները, ընտրված ձևաչափերը: Նախարարը հատկապես կարևորել է գիտելիքների և մասնագիտական փորձի փոխանակումը, սոցիալ և բարեգործական ծրագրերը:
Կարինե Աթայանի հետ քննարկվել է նաև Արցախում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» մասնաճյուղ ունենալու գաղափարը: Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախում ունենալ ասոցիացիայի ներկայացուցիչ, որը կհամակարգի աշխատանքները: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նման նախաձեռնության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկայանա և իր շուրջը կհամախմբի Արցախի երիտասարդ բժիշկներին:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» ստեղծվել է 2013 թվականին: Ասոցիացիան այս ընթացքում ծավալել է ակտիվ գիտական, սոցիալական և բարեգործական գործունեություն: