«Ֆուլ հաուսի» բնակիչները գնում են հանգստի
Lifestylearmtimes.com-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթկոմի 4-րդ եթերաշրջանի վերջին սերիան կցուցադրվի այսօր: Նկարահանումներն ավարտվել են մոտ մեկ շաբաթ առաջ: Armtimes.com-ի հետ զրույցում հեռուստանախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ով նաեւ մարմնավորում է սիթկոմի հերոսներից մեկին, ասաց, որ անձնակազմն այժմ վայելում է հանգիստը:
«Դերասանները նախ հանգստանալու են: Հետո կանցնեն աշխատանքի, որովհետեւ մենք բավականին շատ համերգներ ունենք թե Երեւանում, եւ թե Հայաստանի սահմաններից դուրս»,-ասաց նա:

Ամփոփելով 4-րդ եթերաշրջանը՝ Մենչը նկատեց, որ նախագծի նկատմամբ հեռուստադիտողի հետաքրքրությունը չի նվազում:
«Չգիտեմ՝ արդյոք հետաքրքրությունը մեծանում է, թե՝ ո՛չ, բայց մեզ համար ամենակարեւորն այն է, որ այդ հետաքրքրությունը չի նվազում, եւ մարդիկ շատ մեծ ուշադրությամբ եւ սիրով սպասում են «Ֆուլ հաուսին»,-ասաց նա:

Մենչը նաեւ նշեց, որ 5-րդ եթերաշրջանի, դրա սցենարի եւ հին ու նոր հերոսների մասին դեռ ոչինչ չի կարող ասել: Նոր եթերաշրջանի վերաբերյալ հստակ ոչինչ դեռ չկա:

