Վահրամ Բաղդասարյանը համեմատական է անցկացնում ԱԺ-ի ու Ռադայի կռիվների միջեւ
ՀասարակությունՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցություն պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ տեղի ունեցած վեճին, ասաց որ ՀՀԿ-ական պատգամավորն իրեն շատ պարկեշտ է պահել:
«Այվազյանն ընդամենը վարման կարգով պետք է ելույթ ունենար, եւ չես հասկանում՝ ինչու շատ պոռթկուն ձեւով տեղից թռչում են ու ցանկանում խոչընդոտել եւ խանգարել ձայն խնդրած պատգամավորին: Մինչեւ վերջ Այվազյանը կոռեկտությունը պահել է եւ խնդրում եմ այդ սլաքները, որոնք ուղղված են ՀՀԿ-ին, մի փոքր փոխեք»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Վ. Բաղդասարյանը կեսկատակ-կեսլուրջ համեմատական անցկացրեց ՀՀ ԱԺ-ում եւ Ռադայում տեղի ունեցող կռիվների հետ. «Ի՞նչ է, մտածում են, թե տեղից ինչ ուզեն, կարող են արձագանքե՞լ: Երեկ երեւի Ռադայում կռիվ էր եղել, ասում են՝ բա ամո՞թ չի՝ նրանք կռիվ են անում, մենք էլ չանենք: Մինչեւ քաղաքական գործիչ, պատգամավոր լինելը նրանք սովորական մահկանացուներ են եւ կարող են նաեւ վեճեր լինել: Մարդիկ կարող են բորբոքվել եւ աշխարհի տարբեր պետություններում էլ այդպես է»,- ասաց նա:
Այն դիտարկմանը, թե կարծես սովորական երեւույթ է դարձել իրար վիրավորելը, Վ. Բաղդասարյանն ասաց, որ նման հարցերով պետք է դիմել էթիկայի հանձնաժողովին, չնայած ինքն էլ է տհաճ համարում խորհրդարանում տեղի ունեցող նման դրսեւորումները: