Փաստաբանը բողոքարկել է «Արմավիր» ՔԿՀ-ում կախված հայտնաբերված կալանավորի գործով քննիչի որոշումը
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին կախված հայտնաբերված կալանավոր, 21-ամյա Անզոր Կարապետյանի իրավահաջորդի փաստաբանը բողոքարկել է մահվանից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նրա ստացած վնասվածքների մասով գործը կարճելու՝ քննիչի որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը՝ Անի Չատինյանը:
«Մենք կարծում ենք՝ կան քննչական գործողություններ, որ կարող էին արվել, բայց չեն արվել: Անզորի մարմնի վրա առկա վնասվածքներով պատշաճ քննություն չի իրականացվել, հանցագործություն կատարած անձիք չեն բացահայտվել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Անզոր Կարապետյանը նշել էր ծեծի մասնակից մարդկանց անունները, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պատմել, որ հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:
Մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նրա ծնողները պնդում են, որ իրենց որդին չէր կարող ինքնասպանություն գործել:
Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ՝ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: