Փախստականների հարցով ՄԱԿ ներկայացուցիչը հիացած է քառօրյա պատերազմից հետո տեղահանվածներին ընդունող հայաստանցիներով
ՀասարակությունԱպրիլին Լեռնային Ղարաբաղի համակարտության սրման պատճառով Թալիշից և Մատաղիսից տեղահանված բնակչության խնդիրները ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում են: Հունիսի 20-ին փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը: «2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նույնպես պատճառ դարձավ նոր ավերվածությունների, մարդկային տառապանքների և տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերից են: Նրանցից շատերն ունեն հատուկ կարիքներ, կան հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Բիրվիրթը:
Նրա խոսքով` ՄԱԿ ՓԳՀ-ն, սերտ համագործակցելով Միգրացիոն պետական ծառայության և Սոցիալական պաշտպանության միությունների հետ, աշխատել են տեղահանված անձանց ինքնության հաստատման և գրանցման ուղղությամբ: Աջակցության ծրագրի շրջանակներում փոքրիկ դրամական աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից տեղահանված 400 ընտանիքի կամ 1429 անձի հրատապ կարիքները հոգալու համար:
Բիրվիրթը նկատեց, որ տեղահանված ընտանիքների մեծամասնությունը հյուրընկալվել է ՀՀ-ում բնակվող հարազատների և ընկերների տանը, որոնք, սակայն, ևս սոցիալական վատ պայմաններում են ապրում: «Ծանր է տեսնել վեց հոգանոց ընտանիք, որն ապրում է վատ պայմաններում, հյուրընկալում են ևս 12 հոգու Ղարաբաղից, որ միասին ապրեն: Ես իմ մեծագույն հարգանքն եմ հայտնում հյուրասիրության այս սկզբունքների ու ավանդությունների հանդեպ, որը ևս մեկ անգամ տեսանք այս առիթով»,-իր հիացմունքը հայտնեց պաշտոնյան:
Նա նշեց, որ մեծ թվով տեղահանված անձինք վերադարձել են կամ պատր աստվում են վերադառնալ իրենց բնակավայրեր, և շեշտեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն անհրաժեշտ է համարում հարգել կամավոր վերադարձելիությունը: «ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ կապ է պահպանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց հետո նրանց աջակցություն տրամադրվի»,-հավելեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էական քայլեր կիրականացվեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ` միաժամանակ նշելով, որ իրենք վերանայել են պատրաստվածության պլանները ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու համար: