Քննչական կոմիտեն հերքել է Սեֆիլյանից բացի այլ անձանց ձերբակալելու մասին լուրերը
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերքում է հրապարակել տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, թե Վարուժան Ավետիսյանը, Արմեն Միքայելյանը, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյանը, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյանը ձերբակալվել կամ բերման ենթարկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Վարուժան Ավետիսյանի, Արմեն Միքայելյանի, Վիտո Դավթյանի, Արմեն Լուսինյանի, Էդուարդ Գրիգորյանի, Երեմ Խոնդկարյանի ձերբակալվելու կամ բերման ենթարկվելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով հունիսի 20-ին ձերբակալվել է միայն Ժիրայր Սեֆիլյանը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։