ՊՆ-ն դասընթաց է կազմակերպում լրագրողների համար
ՀասարակությունՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է «Զինվորական-քաղաքացիական հարաբերություններ և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցեր» խորագրով դասընթաց ոլորտով հետաք րքրված լրագրողների համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեկ ամիս տևողությամբ դասընթացը կմեկնարկի 2016թ. հուլիսին (շաբաթական երկու հանդիպում` 4 ակադեմիական ժամ յուրաքանչյուրը): Դասընթացի ավարտին լավագույն մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դասընթացն անվճար է: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրություն և կոնտակտային տվյալներըcenter@mil.am և armen_ghazaryan@ysu.am, էլեկտրոնային հասցեներին:
Դասընթացն անցկացվելու է հետևյալ թեմաներով.
- ժամանակակից բանակների գործառնական փոխակերպումները,
- արդի հասարակություններում բանակի և զինծառայության ընկալման առանձնահատկությունները,
- զինվորաքաղաքացիական հարաբերությունների տեսական հիմնահարցերը,
- բանակ-հասարակություն հարաբերություններում առկա խնդիրներն ու դրանց լուծման փորձը,
- զինված ուժերի քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության հարցերում ԶԼՄ-ների դերը
- բանակի և զինծառայողների կերպարը հասարակական ընկալումներում և ԶԼՄ-ներում,
- զինված հակամարտությունների լուսաբանման հիմնախնդիրները,
- զինծառայության հետ կապված սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը,
- Տեղեկատվական ազատությունն ու տեղեկատվական անվտանգությունը պաշտպանական ոլորտում: