Կառավարության նպատակն է պատրաստել մասնագետներ՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից. Լևոն Մկրտչյան
ՀասարակությունԿառավարությունը հաստատեց ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի նիստում նշեց, որ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և ուսանողներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ՝ ՀՀ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:
Մկրտչյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ այսօր վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, և կա վարչապետի հստակ հանձնարարականը:
«Հաշվի առնելով նաև այս հարցի սոցիալական ուղղվածությունը և միջին մասնագիտական կրթական հաստատություններում անվճար տեղերի կարևորությունը, առաջարկվել է հարցը վերջնական քննարկել առողջապահության նախարարության հետ»,- ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ կա նաև վարչապետի հանձնարարականը` ընդհանրապես վերանայել քոլեջային միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտական խորացվածության հիմնավորումը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասաց, որ առողջապահության ոլորտում անվճար տեղերի հատկացման գծով լուրջ քննարկման անհրաժեշտություն կա և բոլոր գերատեսչություններին հորդորեց ևս մեկ անգամ քննարկել հարցը: