Մենք տեղեկատվական ոլորտում շատ լուրջ պատերազմի մեջ ենք. Կարինե Աճեմյան
ՀարցազրույցՍանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան լծվեց գործի: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իսկ ավելի կոնկրետ՝ տվյալ ոչ ժողովրդավարական պետության երկրի ղեկավարի խորհրդական Նովրուզ Մամեդովի հայտարարության համաձայն, եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն սկզբնական շրջանում հինգ, ապա եւս երկու շրջան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Ստահոդ տեղեկություններին ի պատասխան՝ Է. Նալբանդյանը հայտարարել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ որեւէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի, ինչպես նաեւ տեղեկատվական պատերազմի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը ներքին սպառման համար միշտ պատրաստում է խիստ սուտ տեղեկատվություն ու այդ տեղեկատվությունն անմիջապես տարածվում է իր այցերից հետո, որպեսզի երեւի թե արդարացնի հանդիպման տրամաբանությունը, սակայն մենք գիտենք ու ես համոզված եմ, որ ՀՀ նախագահը բոլոր այն հարթակներում, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում, մշտապես հանդես է գալիս Ղարաբաղի ու Հայաստանի շահերն ամենաբարձր ձեւով պաշտպանելով: Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը համապատասխանում է իրողությանը, այսինքն՝ դա սուտ տեղեկատվություն է ու հիմնականում ուղղված է ներքին սպառողին»,- ասաց նա:
Անդրադառնալով սոցցանցերում ադրբեջանցու հայտարարության քննարկումներին՝ պատգամավորը նշեց. «Սա այնպիսի նուրբ հարց է, որ դրան հենց նույն նրբությամբ էլ պետք է վերաբերվել: Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով սիրում է իր հայրենիքը, երբեւէ չպետք է ադրբեջանական ապատեղեկատվությանը տրվելով տարածի դրանք, նման նյութերը պարզապես պետք է արհամարհվեն: Բոլորս էլ գիտենք, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմից սուտ տեղեկատվություն է սփռվում: Մենք տեղեկատվական ոլորտում շատ լուրջ պատերազմի մեջ ենք, պետք է այնպես անենք, որ որեւէ ձեւով չվնասենք Արցախի անվտանգությունն ու ՀՀ արտաքին քաղաքականության վարելու գործընթացին»: