Կառավարության աջակցությամբ հիմնվում է դեղագործական լաբորատոր հետազոտություններ իրականացնող նոր ընկերություն
ՀասարակությունՀՀ կառավարության որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Մինասյանը:
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա: