Ավելի քան 1500 երիտասարդ Հայաստանից եւ արտերկրից կմասնակցեն գունազարդ վազքի մրցույթին
ՀասարակությունԵրեւանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի գունազարդ վազքի մրցույթը: Մրցույթի կազմակերպիչ, «Run Armenia» նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը վստահ է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մրցույթը կանցկացվի շատ ակտիվ մթնոլորտում:
«Ես չէի պատկերացնում, որ նախորդ տարի միջոցառումն այդքան հետաքրքիր կստացվեր: Վստահ եմ՝ այս տարի նույնպես այն շատ լավ կլինի: Միջոցառման շրջանակում մենք պատրաստել ենք հետաքրքիր անակնկալներ: Ներգրավված են տարբեր հայտնի դեմքեր՝ Նազենի Հովհաննիսյանը, Արամ MP3-ն, Սոֆի Մխեյանը եւ այլք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
2015 թվականին մրցույթի մասնակիցները 1500-ն էին, իսկ այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ավելի մեծ թվով երիտասարդներ Հայաստանից, Արցախից եւ նույնիսկ արտերկրից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մարքեթինգային բաժնի ավագ մասնագետ Գայանե Մանուկյանը կարեւորում է մրցույթի անցկացումը Հայաստանում առողջ ապրելակերպի խթանման համատեքստում:
«Շատ կարեւոր է աջակցել առաջադեմ եւ առողջ ապրելակերպ վարող երիտասարդությանը: Նման միջոցառումները, իհարկե, ոգեշնչում են յուրաքանչյուր երիտասարդին վարելու առողջ կենսակերպ, ինչը պետք է, որ շատ արագ վարակի բոլորին եւ սերմանի հետաքրքրություն ոչ միայն վազքի, այլ առհասարակ սպորտի հանդեպ»,- նշեց նա՝ հավելելով, որ մրցույթի շրջանակում ձեռք բերված ողջ հասույթը տրամադրվելու է Գյումրու անօթեւան ընտանիքներին:
Գունազարդ վազքը կմեկնարկի հուլիսի 9-ին՝ ժամը 09:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից: Մասնակիցների գրանցումը կսկսվի ժամը 07:00-ից: