Քաղաքացիական ծառայության ղեկավար Մանվել Բադալյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այն չարաշահումները, որոնք առկա են եղել Սոցիալական փաթեթով նախատեսվող հանգստի բաղադրիչի դեպքում:
«Քաղաքացիները քաղծառայողների հետ հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածություններ են ձեռք բերել, իրականում չհանգստանալով այնտեղ`ֆինանսական փոխանցումներ են արել այդ հանգստյան տներին: Շատ վատ են արել»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ ներկայացրածը մասնավոր դեպք չէ, նման դեպքերը մեծ ծավալներ ունեն և պետք է թույլ չտրվի, որպեսզի պետական միջոցների վատնում տեղի ունենա:
«Կարծում եմ, որ շատ կարճաժամկետ պետք է լինի այս խնդիրը և օպերատիվ լուծվի, որովհետև իրապես բարեխիղճ աշխատողները չպետք է տուժեն, բայց քանի որ ունենք ոչ բարեխիղճ և ոչ օրինապահ քաղաքացիներ, այդպես պետք է լուծենք հարցը»,- ասաց Բադալյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ բյուջեում գումարների սղության պատճառով է կասեցվում սոցփաթեթներով հանգիստը, Բադալյանը նշեց, որ այդ գումարները բյուջեով նախատեսված են եղել:
«Կան բացեր, որոնք շտկելու համար ժամանակ է պետք: Սա ոչ միայն քաղծառայողներին է վերաբերում: Այդ հարցը ինչպես ձեզ, այնպես էլ ինձ է մտահոգում»,- ընդգծեց Բադալյանը: