Տող գյուղում կազմակերպվում է ավանդույթ դարձած «Ուսանողական ռազմական բանակումը»
ՀասարակությունԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում հուլիսի 12-18-ը կազմակերպվում է արդեն ավանդույթ դարձած «Ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից իրականացվող, ՀՀ ՊՆ աջակցությամբ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվող ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների մարտական պատրաստության վիճակի բարելավմանը, ռազմագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Ինչպես տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ծրագրի շրջանակներում համալսարանականներից, Արցախի և Ջավախքի ուսանողներից կազմված ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների համար կանցկացվեն ռազմագիտական տեսական և գործնական պարապմունքներ, ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ:
Դասախոսությունների, սեմինար-քննարկումների միջոցով ուսանողները կտիրապետեն Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական, էթնիկական, սոցիալ-տնտեսական իրավիճակին, փոխհարաբերություններին և հեռանկարներին:
Կկազմակերպվեն նաև հանդիպումներ ԼՂՀ պաշտպանության բանակի ՊՇ հրամանատարական կազմի, ռազմական ոլորտի փորձագետների և Արցախյան պատերազմի ազատամարտիկների հետ: Նախատեսվում է նաև ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր: