Ոսկեհատի դպրոցում դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով (լուսանկարներ)
LifestyleԱպրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան: Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասասենյակը՝ անվանակոչվել նրա անունով: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով: Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է, այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում:

Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր սովորել ռազմական ինստիտուտում, սակայն ընդունվել է այլ բարձրագույն ուսումնական հաստատության իրավագիտության բաժինը: Ազատ ժամանակ Արամայիսը սիրում էր զբաղվել փայտանյութի փորագրությամբ, նկարչությամբ:
Արամայիսի ձեռքի աշխատանքներն այսօր դրված էին Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում:
Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Արամայիսի ծնողները, հարազատները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Ապրիլի 4-ին Ջաբրայիլում թշնամուն հետ մղելու ընթացքում Արամայիս Միքայելյանը զոհվել է:


