Բախման հետևանքով տուժած քաղաքացիներից բուժման ծախսեր չեն գանձվի
ՀասարակությունՀուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիների բուժման համար բուժհիմնարկները որևէ գումար չեն պահանջի:
Այյս մասին Orer.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Կան տուժածներ, օրինակ՝ ոստիկանները, ովքեր այսպես թե այնպես ներգրավված են պետական պատվերի շրջանակներում անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող սոցիալական խմբերում, իսկ մնացած քաղաքացիները, որոնց նույնպես տարբեր բժշկական ծառայություններ են մատուցվել, ազատված են հիվանդանոցային ծառայությունների դիմաց վճարում կատարելու պարտականությունից: Նախարարությունն այդպիսի մոտեցում է որդեգրել և եթե շեղումներ լինեն, խնդրում եմ տեղեկացնել Առողջապահության նախարարությանը»,- ասաց. Ա. Հայթայանը:
Մամլո խոսնակը փոխանցեց նաև, որ բուժհաստատությունների կողմից նախարարության որդեգրած մոտեցումը խախտելու և ապաքինվողներից բուժման ծախսեր պահանջելու դեպքում տուժածները կարող են դիմել Առողջապահության նախարարությանը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ էր տեղափոխվել ակցիայի 73 մասնակից, որից 6-ը` ոստիկան:
Ա.Գ.