Երազները կարող են կանխագուշակել ամուսնությունների ապագան
LifestyleՊարզվում է, որ երազները (հատկապես մղձավանջային) կարող են կանխագուշակել ամուսնական հետագա հարաբերությունների զարգացումը: Մերիլենդի համալսարանի հետազոտողները 17-42 տարեկան ամուսնացած 61 մասնակիցների խնդրել են կես տարի իրենց երազները և ամուսնական հարաբերությունները նկարագրող օրագիր պահել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խանդի և վեճերի վերաբերյալ երազների հաջորդ օրը զույգերի միջև կոնֆլիկտ է ծագել, իսկ դավաճանությունների մասին երազները վկայում են, որ նվազել է սերը կամ մարել սեռական ցանկությունը:
Մեկնաբանելով արդյունքները՝ առաջատար հետազոտող Դիլան Շելտերմանը հայտարարել է, որ մարդկանց անհրաժեշտ է հետևել իրենց երազներին, քանի որ դրանք մեծապես ազդում են նրանց հոգեվիճակի վրա: Անցկացված ուսումնասիրության արդյունքների շնորհիվ ապացուցվել է երազի և ռոմանտիկ հարաբերությունների հավանական զարգացման միջև առկա կապը:
Հատկանշական է, որ ամուր հարաբերություններով զույգերի մոտ ինտիմ բնույթի երազները դրական ազդեցություն են ունեցել նրանց հետագա կապի վրա: Զույգերի միջև առկա խնդիրների դեպքում էրոտիկ երազները հակառակ ազդեցությունն են գործել: Հետազոտողները ենթադրում են, որ այդ երևույթը հոգեբանական ազդեցության արդյունք է՝ կապված երևակայության հետ, երբ արտաքին գործոնները (ձայնը, հոտը) զգալիորեն անդրադառնում են հոգեվիճակի վրա: