Դատավոր Իշխան Բարսեղյանը գետնանցումում ստացել է 1000 դոլար կաշառք ու բռնվել. ԱԱԾ
ՀասարակությունՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերեւույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: