«Վիմպելկոմ գրուպ»-ի ծրագրերը Հայաստանում կուղղվեն կապի ծառայությունների բարելավմանը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով տեղակատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:
Ժան Իվ Շարլին նշել է, որ իր գլխավորած ընկերությունը մեր երկրում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Ժան Իվ Շարլիի խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից: