Քաղաքականություն է, ամեն բան էլ հնարավոր է. Հովհաննես Մանուկյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին
Հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատարստվում են զիջումների գնալու, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ինքը նման լուրեր չի լսել: Սահմանադրական բարեփոխումների հրատապության վերաբերյալ հարցին էլ նախարարը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի: Հիմա այսօր, թե մի փոքր ուշ, մի փոքր շուտ՝ դա արդեն քննարկման թեմա է: Մեր սահմանադրությունը շատ թերություններ ունի»: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն ասում են, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունն իրականացնելու է վերարտադրման նպատակով՝ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական հայտարարություններ»: Փոխզիջումների և փոխհամաձայնության գալու տարբերակը ևս նախարարը չբացառեց, կանխատեսումներ անելն էլ անշնորհակալ գործ համարեց ու ասաց. «Քաղաքականություն է, ամեն բան էլ հնարավոր է: Հանրային քննարկումներ են գնում, փաստաթուղթը հրապարակային քննարկման է դրված, որին ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքացիական հասարակությունն է մասնակցում: Այսինքն՝ քննարկումների արդյունքում ես, բնականաբար, չեմ կարող որևէ բան բացառել»: