Այսօր կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց լրագրողների՝ Սահմանադրական բարեփոխումենրի վերաբերյալ հարցերին: Այս մասին հայտնում է ORER.am-ը: Հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատարստվում են զիջումների գնալու, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ինքը նման լուրեր չի լսել: Սահմանադրական բարեփոխումների հրատապության վերաբերյալ հարցին էլ նախարարը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի: Հիմա այսօր, թե մի փոքր ուշ, մի փոքր շուտ՝ դա արդեն քննարկման թեմա է: Մեր սահմանադրությունը շատ թերություններ ունի»:Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն ասում են, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունն իրականացնելու է վերարտադրման նպատակով՝ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական հայտարարություններ»:Փոխզիջումների և փոխհամաձայնության գալու տարբերակը ևս նախարարը չբացառեց, կանխատեսումներ անելն էլ անշնորհակալ գործ համարեց ու ասաց. «Քաղաքականություն է, ամեն բան էլ հնարավոր է: Հանրային քննարկումներ են գնում, փաստաթուղթը հրապարակային քննարկման է դրված, որին ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքացիական հասարակությունն է մասնակցում: Այսինքն՝ քննարկումների արդյունքում ես, բնականաբար, չեմ կարող որևէ բան բացառել»: