Քաղաքաշինության կոմիտեն Ջերմուկը «Հյուսիս-hարավին» կապող առաջարկ կներկայացնի կառավարություն
ՀասարակությունՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն բանակցություններ է վարում մի շարք ներդրումային ծրագրերի ներգրավման համար:
Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ բացի այս տարվա 105 մլն ԱՄՆ դոլարի իրատեսական ներդրումային ծրագրերից կան նաև բանակցությունների փուլում գտնվող ծրագրեր, մասնավորապես՝ Աբովյանի արձանի ետնամասում գտնվող հին ջրամբարի տեղափոխման և փոխարենը վարչական խոշոր կենտրոնի կառուցման նպատակով:
Նրա խոսքով` այդ հատվածը Երևանի կառուցապատման համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կառույցները լինելու են ուղիղ Աբովյան փողոցին «նայող»: «Նախատեսում ենք բարձրահարկ ոչ բնակելի շինության կառուցում: Այդտեղ պահանջարկ կա ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի կողմից վարչական շինություն կառուցելու համար»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Նա նաև հավելեց, որ բանակցում են ներդրողի հետ` Կոնդի հին հատվածն ամբողջությամբ կառուցելու համար:
Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ` կան նաև մշակված ծրագրեր, որոնք դեռ չունեն ներդրողներ, մասնավորապես Ջերմուկում մոտ 5 հեկտարի վրա ծրագիր են մշակել և բանակցում են ԱՄԷ-ի ներդրողների հետ: Նրա խոսքով` այդ տարածքի վրա նախատեսվում է հյուրանոցային և հանգստի կենտրոններ:
«Նախագծի սկզբնական փուլը կկազմի մոտ 20 մլն դոլար: Մենք նաև մտահոգված ենք այն ուղղությամբ, թե ինչպես բարձրացնենք այդ տարածքի ներդրումային գրավչությունը: Ջերմուկի բացասական կողմն այն է, որ նա գտնվում է փակուղային վիճակում: Նոր առաջարկ ունենք, որը կներկայացնենք կառավարություն:
Առաջակում ենք Ջերմուկ-Գորայք ճանապարհի կառուցումը, որի երկարությունը կլինի 28 կմ: Դա կնշանակի, որ Ջերմուկը կհայտնվի Հյուսիս-հարավ ճանապարհի վրա»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ճանապարհը կկառուցվի, քանի որ արդեն պատկերացնում են ֆինանսական աղբյուրները: