Հայաստանում մարտի 3–ը հռչակվեց «Գործարարի օր»
ՀասարակությունԳործադիրը երեկ որոշեց Հայաստանում մարտի 3–ը նշել որպես «Գործարարի օր»: Ըստ նախագծի՝ «Հայաստանի Հանրապետությունում գործարարի օրը նշելու մասին» կառավարության որոշումն անհրաժեշտ է ընդունել ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:
«Գործարարի օրը» մարտի 3–ին նշելը կարևորվում է նրանով, որ 2017 թ. մարտի 3–ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175–ամյակը:
«Այդպիսով ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին: Կարևորելով գործարարի դերը պետության տնտեսության զարգացման, հետևաբար ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել գործարարներին` գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց»,– ասված է նախագծում:
Հայաստանում «Գործարարի օրը» մարտի 3–ին նշելու առաջարկը ներկայացրել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Նախագիծը մշակվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի կողմից:
Լիլի Թևոսյան