Արծվանիստում գազի պայթյունի պահին բնակարանում անվնաս են մնացել ընտանիքի 11 անդամներից 10-ը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, Սամվել Շուքուրյանին պատկանող բնակարանում, փետրվարի 15-ի առավոտյան գրանցվել է ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, ճաքեր են առաջացել բետոնե առաստաղին, հիմնական պատերին, իսկ միջնապատերը քանդվել են, վնասվել է տան կահավորանքը, այրվել վարագույրները:
«Նախնական ուսումնասիրությամբ՝ պայթյունն առաջացել է գազի արտահոսքից: Պայթյունի պահին բնակարանում են գտնվել ընտանիքի 11 անդամները, որոնցից վնասվածքներ է ստացել միայն տանտիրուհին՝ Անահիտ Շուքուրյանը, ով անմիջապես տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Պայթյունից փլվել է նաեւ բնակարանի կից կառույցի փայտե ծածկը: Բարեբախտաբար, տան մյուս անդամները այրվածք կամ այլ կարգի վնասվածքներ չեն ստացել: Գյուղապետարանի եւ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության կողմից կազմված հանձնաժողովը ճշտում է Շուքուրյանների ընտանիքին պատճառվ ած վնասների չափերը:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Մարտունու ԲԿ տնօրենի տեղակալ Աշոտ Քիշմիրյանը նշեց, որ իրենց մոտ այրվածքներով տեղափոխված Անահիտ Շուքուրյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո: «Անահիտ Շուքուրյանն այրվածքներ է ստացել ձեռքերի, դաստակների եւ դեմքի շրջանում: Դրանք համեմատաբար թեթեւ այրվածքներ են, հիվանդի վիճակը բավարար է»,-ասաց ԲԿ տնօրենի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան