Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայերենի քննություն է հանձնել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով. «Հայկական ժամանակ»
Հասարակություն««Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, երեկ հայերենի քննություն է հանձնել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով։ Հովհաննիսյանը դրական միավոր է ստացել։ Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չհաջողվեց ստանալ, կուսակցության գրասենյակում հեռախոսազանգերին երեկոյան արդեն չէին պատասխանում։
Ավելի վաղ նկատել էինք, որ հայերենի քննության հանձնելու օրենսդրական այս պահանջը կարող է վերաբերել քաղաքական դաշտում հայտնի գործիչներից թերևս միայն Րաֆֆի Հովհաննիսյանին։ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում ծնված գործչի կենսագրական տվյալներում նշվող բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ նա սովորել է, հայաստանյան չեն։
«Ժառանգությանը», ինչպես հայտնի է, միացել է «Օհանյան-Օսկանյան» դաշինքին, և Ր. Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։