Արցախում ամսվա սկզբին վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը կայունացել է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր է
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արցախում փետրվարի 8-ին վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը կայունացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծանր կայուն է, նրա մոտ դրական փոփոխություններ կան: Իսկ հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա վիճակում որեւիցե փոփոխություն չկա:
Հիշեցնենք, որ ըստ՝ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Իսկ փետրվարի 8-ին ժամը 12:00-ի սահմանում հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտի ուղղությամբ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: