Ադրբեջանը շփման գծում կրակել է ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից. հայկական կողմը կորուստներ չունի
ՀասարակությունԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև &lsa quo;‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է»:
