Մարդիկ Ծառուկյանին են դիմում, որովհետեւ արդեն քսան տարի է՝ իշխանությունը խաբում է
Հարցազրույց«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր եղավ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում: Մինչ էլեկտորատի հետ հանդիպումը Orer.am—ը զրուցեց ՀԺԿ անդամ Սասուն Ավագյանի հետ, ով, փոխելով քաղաքական հայացքներն ու մոտեցումները, որոշել է աջակցել Ծառուկյանի թիմին:
«Միակ փրկությունն էս ա, մնացել է մի շանս: Գագիկ Ծառուկյանը շատ մեծ բարերար է, մեծ սիրտ ու մարդկային խիղճ ունի, ու սա ընտրախախտում չի»,- ասաց նա՝ ցույց տալով ձեռքի ծրարները՝ դիմում խնդրանքները, որոնք պետք է փոխանցեր Գագիկ Ծառուկյանին:
«Սրանք խնդրանքներ են, որոնք կյանքի կկոչվեն ընտրություններից հետո: Մարդիկ նրան են դիմում, որովհետեւ արդեն քսան տարի է՝ իշխանությունը խաբում է: Նրանց ձեռքը ոչ մեկ չի բռնում, խոսք են տալիս թող անեն: Իշխանությունն այսօր չի կարող այլեւս համոզել, ժողովրդին խաբելն էլ հեշտ չէ, նրանք ամեն ինչ տեսնում են: Իրողությունը սա է: Մենք գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը, իր շուրջը միավորելով մյուս ընդդիմադիրներին, կարող է խնդիրներ լուծել: Միայն միավորումով կարելի է փրկել մեր երեխաների, մեր թոռների ապագան: Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ ժողովուրդը վստահում է պարոն Ծառուկյանին»:
Սոսե Չանդոյան