Սիբիրյան ցիկլոններն այսօրվանից հեռանում են. Արմեն Երիցյան
Նախարարն ասաց, որ իր հայտարարությունը սիբիրյան ցիկլոնների վերաբերյալ պետք չէ դրամատիկացնել. «Երևանում խոսքը ջերմաստիճանի 10 աստիճանով նվազելու մասին էր, ոչ թե մինուս 10 աստիճանի: Ինչպե՞ս կարող էի ես մինուս 10 կանխատեսել: Ի՞նչ է, ես ժողովրդի թշնամի՞ն եմ»:
Նախարարը շեշտեց, որ ինքը տեղեկացրել էր, որ պիկը հոկտեմբերի 27-ին է լինելու և այդպես էլ եղել է. «Ի՞նչ է՝ ձեզ համար ցուրտ չէ՞ր, ես ասել էի, որ երեկ կլինի պիկը: Ինչպես և կանխատեսել էինք, հոկտեմբերի 26-27-ը մինչև 20 աստիճան ջերմաստիճանն իջավ այն մարզերում, որոնք որ ասել էինք՝ Տավուշ, Լոռի, Սյունիք»:
Նախարարը նաև կատակելով հավելեց, որ իրենք կատարել են իրենց խոստումն ու «10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել են» Հայաստան: