Սիբիրյան ցիկլոնի հետևանքներն այնքան սաստիկ չեն, սակայն բնակչությանը նախապես պետք է զգուշացնել,-այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ սիբիրյան ցիկլոններն այսօրվանից հեռանում են, -այս մասին հայտնում է ORER.am-ը: Նախարարն ասաց, որ իր հայտարարությունը սիբիրյան ցիկլոնների վերաբերյալ պետք չէ դրամատիկացնել. «Երևանում խոսքը ջերմաստիճանի 10 աստիճանով նվազելու մասին էր, ոչ թե մինուս 10 աստիճանի: Ինչպե՞ս կարող էի ես մինուս 10 կանխատեսել: Ի՞նչ է, ես ժողովրդի թշնամի՞ն եմ»: Նախարարը շեշտեց, որ ինքը տեղեկացրել էր, որ պիկը հոկտեմբերի 27-ին է լինելու և այդպես էլ եղել է. «Ի՞նչ է՝ ձեզ համար ցուրտ չէ՞ր, ես ասել էի, որ երեկ կլինի պիկը: Ինչպես և կանխատեսել էինք, հոկտեմբերի 26-27-ը մինչև 20 աստիճան ջերմաստիճանն իջավ այն մարզերում, որոնք որ ասել էինք՝ Տավուշ, Լոռի, Սյունիք»: Նախարարը նաև կատակելով հավելեց, որ իրենք կատարել են իրենց խոստումն ու «10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել են» Հայաստան: