Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովվի
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեքշաբթի հույս է հայտնել, որ Կիևում գտնվող երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովվի:
«Կիևում տեղի ունեցող գործընթացներն Ուկրաինայի ներքին գործերն են, սակայն միևնույն ժամանակ իրադարձությունների կենտրոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Հուսով ենք, որ նրա անվտանգությունը կապահովվի»,- գրել է Մարգվելաշվիլին Twitter-ում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:
Սաակաշվիլիի տան մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ են գրանցվել և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:
Նշվել է, որ Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը: