Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքի տեքստը
ՄիջազգայինԿաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է քրիստոնեական աշխարհում ամենատարածված աղոթքի՝ «Հայր մեր»-ի բառերը փոխել:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, խոսքն աղոթքի իտալական թարգմանության մասին է: Պոնտիֆիկոսի կարծիքով՝ իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ:
TV2000-ին տված հարցազրույցում Հռոմի պապն ասել է. «Աղոթքում խոսվում է Աստծո մասին, որը մեզ տանում է դեպի գայթակղություն: Բայց Աստված ոչ մեկի չի տանում դեպի գայթակղություն, դա սատանայի ձեռքի գործն է»:
Հռոմի պապը հիշեցրել է, որ ֆրանսիացիներն աղոթքի իրենց թարգմանության մեջ բառերը փոխել են՝ դարձնելով «մի թույլ տուր զմեզ գնալ ի փորձություն»:
Հայտնի է, որ «Հայր մեր» աղոթքը Հիսուս Քրիստոսը սովորեցրել է իր աշակերտներին: Այնուհանդերձ՝ դեռևս 2.000 տարի անց աղոթքի իտալերեն տեքստը շարունակում է վիճելի մնալ: Բազմամյա քննարկումներից հետո ֆրանսիացիներն աղոթքի իրենց թարգմանության տեքստում փոխել են «մի տար զմեզ ի փորձություն» հատվածը: