Սպիտակ տունը պատասխանել է Թրամփի ոտնձգությունները հետաքննելու կոչին
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսին արժի զբաղվել ընտրողների կենսական խնդիրներով՝ կանանց նկատմամբ Դոնալդ Թրամփի իբր իրականացրած սեռական ոտնձգությունները հետաքննելու փոխարեն, կարծում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե Կոնգրեսը ցանկանում է ինչ-որ բան հետաքննել, ապա հարկավոր է դիտարկել իրենց ընտրած մարդկանց որոշ առաջնահերթությունները»,- հայտարարել է Սանդերսը ճեպազրույցում:
Նա նշել է, որ լրատվամիջոցներում Թրամփի մասին հրապարակումների մոտ 90 տոկոսը բացասական բնույթի են եւ հազվադեպ են շոշափում ներգաղթի, հարկման, հանցավորության եւ այլ թեմաներ, որոնց մասին «ամերիկացիներն իրականում ցանկանում են խոսել»:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Նյու Յորքի նահանգից ընտրված դեմոկրատ Գրեգորի Միքսը երեքշաբթի բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որով Կոնգրեսին կոչ էր անում հետաքննել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված սեռական ոտնձգությունների մեղադրանքները: