Դատարանը կալանք է դրել Կատալոնիայի նախկին վարչապետի տան վրա
ՄիջազգայինԻսպանիայի դատարանը դեկտեմբերի 12-ին կալանք է դրել Կատալոնիայի նախկին վարչապետ Արթուր Մասի տան վրա: Կալանք է դրվել նաեւ Մասի կառավարության երեք նախկին նախարարների գույքի վրա, ինչպես նաեւ՝ կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանչեսկ Հոմսի տան կեսի վրա, հաղորդում է Deutsche Welle-ը` վկայակոչելով AFP գործակալությունը:
Սեպտեմբերին հայտարարվել էր, որ Մասը եւ եւս 8 կատալոնյան բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է վճարեն 4.8 միլիոն եվրո, որը ծախսվել է Կատալոնիայում անցկացված հանրաքվեի անցկացման համար, ինչպես նաեւ տոկոսներ՝ 400 հազար եվրոյի չափով: Առայժմ նրանք վճարել են ընդամենը 2.9 մլն եվրո, ուստի նրանց գույքը բռնագրավվել է, մանրամասնեցին դատարանում:
Նշենք, որ Արթուր Մասը զբաղեցնում էր Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնը 2010-ից մինչեւ 2016 թվականը: 2017 թվականի մարտին Կատալոնիայի Գերագույն դատարանը անօրինական հանրաքվե կազմակերպելու համար երկու տարով զրկեց վերջինիս պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: