Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն առաջիկա ընտրություններում ազգայնականների հետ դաշինք է կազմելու
ՄիջազգայինԹուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) խոսնակ Մահիր Ունալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կուսակցությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ աշխատում է օրենքի սահմաններում դաշինք ձևավորելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Որպես դաշինքի ստեղծման սկիզբ ԱԿ կուսակցությունը Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հետ կազմելու է հանձնաժողով, որում ընդգրկված է լինելու 2 կուսակցություններից 3-ական ներկայացուցիչ»,- նշել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը:
Թուրքիայում 2019թ-ին կայանալիք ընտրություններին համատեղ դաշինքով հանդես գալու որոշումը կայացվել է հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՇԿ կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանդիպման ժամանակ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում հունվարի 10-ին ընդունել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին: Դռնփակ հանդիպումը տևել էր շուրջ 35 րոպե:
Խոսելով ընտրություններին ընդառաջ կուսակցության ծրագրերի ու հնարավոր համագործակցությունների մասին՝ Բահչելին ասել էր. «Ազգայնական շարժում» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածություն չի առաջադրելու: Կուսակցության նախագահը երկրի նախագահի թեկնածու չի լինելու: Աջակցելու ենք Էրդողանին»: