Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում
ՄիջազգայինՍտամբուլի նահանգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հետախուզական գործողություններն իրականացվել են 21 շրջաններում, որոնց արդյունքում 84 կասկածյալից 45-ը ձերբակալվել են:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գյուլենականներին հարելու կամ նրանց հետ համագործակցելու մեջ կասկածվող անձանց բացահայտման և ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվելու են:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: