Երևան, 06.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելը. Բայդենի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ» Խոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ» Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»


10 լեգենդ Յապոնչիկի մասին

Lifestyle

Աղբյուր՝ Intermedia24.ru

Յապոնչիկը (Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկով) հանցագործ աշխարհի լեգենդն է: Նրա անվան շուրջ հյուսված առասպելներն ու հորինվածքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը: Խեղաթյուրված է նույնիսկ նրա մականունը` ծագումով հանդերձ: Իր քրեական կյանքի սկզբում Իվանկովը հայտնի էր «Յապոնեց» («Ճապոնացի») անվամբ, որովհետև աչքերը յուրահատուկ, շատ արևելյան բացվածք ունեին: Հանրահայտ «հեղինակություն» Միշկա Յապոնչիկի կեղծանվան նմանությամբ էր, որ Իվանկովին նույնպես սկսեցին կոչել Յապոնչիկ: Յապոնչիկ-Իվանկովը համոզված էր, որ իր կյանքն ու կենսագրությունն այլանդակեցին լրատվամիջոցները, որոնց նա անվանում էր «զանգվածային հիմարացման միջոցներ»: Սակայն հանուն արդարության ասենք, որ եթե չլիներ մամուլի ակնդետ ուշադրությունը, չէր լինի նաև նրա համաշխարհային ճանաչումը:

1. Ռուս գանգստերների ռեստորանը. «Русь»

Երբ ԱՄՆ-ում Իվանկովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, շատերին թվում էր, թե վերջն է կամ անսահման երկար ժամանակ է սա: Եվ սովետական ու ռուսական միլիցիայի բազմաթիվ նախկին աշխատակիցներ սկսեցին գլուխ գովել, թե հենց իրենք են ժամանակին ձերբակալել ամենազոր Յապոնչիկին: ժամանակի ընթացքում նրանց թիվն աճեց: Բայց ովքեր իրականում «աշխատել» էին Իվանկովի գործով, հրապարակային բացահայտումներ չէին անում, իրենց անունները չէին տարփողում: Այնուամենայնիվ, որոշ փաստաթղթեր «դուրս են լողում» ԳԱՂՏՆԻ մակագրությամբ թղթապանակներից: Անչափ զգույշ է նաև Վյաչեսլավ Իվանկովի շրջապատը: Նրանց հաղորդածը շատ հաճախ կողմնակալ է, բայց անչափ հետաքրքրական:

– Վյաչեսլավի հետ ծանոթացել եմ 1970-ին,- պատմում է Սերգեյ Ղազարովը, որը հետագայում դարձավ ԳՖՀ քաղաքացի:- Այն ժամանակ աշխատում էի մեր` հայ տղաների բրիգադում, ասֆալտ էինք փռում: Մեզ ծանոթացրեց քեռիս` կոշիկի ձևարար: Եվ այնպես ստացվեց, որ ես ներկա եղա նրա հետ կապված բոլոր պատահարներին ու դարձա այդ քրեական գործերի ակամա վկան: Հիշո՞ւմ եք «Ռուս» ռեստորանի հանրահայտ միջադեպը:

…1974թ., մարտ: Իվանկովը, Ղազարովը, Ասաֆ Սոսունովը և «օրենքով գող» Հայկ Գևորգյանը, որն առավել հայտնի է «Գոգա երևանսկի» կամ «Գոգա ունժլագսկի» անունով (սպանվեց 1994-ին, իր տան շքամուտքում), մտան մերձմոսկովյան «Ռուս» ռեստորան: Այն ժամանակներում սա միակ ռեստորանն էր, որն աշխատում էր նաև գիշերը: «Էլիտար» վայր էր, որի այցելուների մեջ քիչ չէին մեծ փողատերերը, «ոսկե երիտասարդությունը» և արտասահմանցիները, որոնք այստեղ կարող էին գտնել «վալյուտային պոռնիկներ»: Ռեստորանում հաճախ լինում էր նաև Գալինա Բրեժնևան:

Իվանկովի խումբը տեղ հասավ կեսգիշերին: Մի քանի ժամ անց վեճ բռնվեց հարևան սեղանի մոտ նստածների հետ, իսկ այնտեղ նույնպես «օրենքով գողեր» էին: Վիտոլդ Գերնիկն արդեն 6 դատվածություն ուներ, նա հանրահայտ Գենադի Կորկովի պես «Մոնղոլ» մականունն էր կրում (Վյաչեսլավ Իվանկովն «առաջին քայլերն» արել է հենց «Մոնղոլ»-Գենադի Կորկովի հանցախմբում): Գերնիկին ընկերակցում էին Գոգա Դղեբուաձեն («Գոգա Տբիլիսսկի») և էլի մի քանի վրացի «հեղինակություններ»: Վեճն սկսվեց աղջկա պատճառով: Տուրուդմփոց էր ինչպես կովբոյական ֆիլմերում, օգտագործվեցին ձեռքի տակ եղած բոլոր իրերը, աթոռներն ու սեղանները: Շշով խփեցին Իվանկովի գլխին: Ասաֆ Սոսունովն էլ հանեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Դղեբուաձեի վրա: Գերնիկ-«Մոնղոլը» աթոռով խփեց ու Ասաֆի ձեռքից գցեց ատրճանակը:

«Ամերիկայի ձայնը» հաջորդ օրը սենսացիոն լուր տարածեց «ռուս գանգստերների փոխհրաձգության» մասին: 1974-ին այդպիսի հաղորդագրությունն իսկապես սենսացիա էր, որը խորհրդային քարոզչամեքենան բնականաբար հերքեց: Փոխհրաձգության բոլոր մասնակիցները ձերբակալվեցին: Բայց Յապոնչիկը կարողացավ կաշառել փոխհրաձգության էպիզոդը «չնկատած» քննիչին ու փրկվեց մեծ ժամկետ «շալակելուց»: Նրա մոտ գտան կեղծ փաստաթղթեր՝ անձնագիր ու վարորդական իրավունք, ու ստիպված դատեցին ընդամենը կեղծ փաստաթղթերի համար: Իվանկովը շուտով ազատվեց, սակայն արդեն օպերների ուշադրության կենտրոնում էր. օպերատիվ գրություններում նա ստացել էր «Լկտի» («Նագլեց») որակում-ծածկանունը:

2. Հրաձգություն մարշալ Գրեչկոյի աչքի առաջ

Սերգեյ Ղազարովը ևս մեկ փոխհրաձգության մասնակիցը դարձավ: Այս անգամ Մոսկվայի կենտրոնում՝ Խորհրդային բանակի թատրոնի շենքի մոտ: Այն նույնքան աղմուկ հանեց, որքան բախումը մերձմոսկովյան ռեստորանում: Ցանկանալով կանգնեցնել Իվանկովի ավտոմեքենան` միլիցիայի աշխատակիցները 11 գնդակ արձակեցին: Այս անչափ հետաքրքրական տեսարանին զարմացած հետևում էին Ռումինիայի պետական-ռազմական պատվիրակության անդամները, որոնք հենց այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Գրեչկոյի ուղեկցությամբ դուրս էին գալիս թատրոնից: Պահպանությունն ապշել էր ու չգիտեր ինչ անել:

Այս պատմության մանրամասները ժամանակին ներկայացրել է իրադարձության մի հիմնական մասնակից` ոմն Միխայիլ Գլիոզա: «Կոլխոզնայա» հրապարակում գտնվող գարեջրատանը նա 1973-ին ծանոթանում է Մոսկվայի հանցագործ աշխարհի լեգենդներից մեկի` Կալինա Նիկոֆորովայի հետ: Կալյան գարեջրատան տնօրենն էր: Նախկին օպերները հավաստում են, որ հենց այս կինն էր այդ ժամանակների հնարամիտ հանցագործություններից շատերի միտքն ու գաղափարը:

Կալյան Գլիոզային խնդրում է օգնել իրեն` «Վոլգա» ձեռք բերելու համար: Կալյան գիտեր, որ Գլիոզայի կինն առևտրի նախարարի առաջին տեղակալի դուստրն էր: Նիկոֆորովան բացատրում է, որ մեքենան իր համար չէ, այլ իր ծանոթի` Սլավա Յապոնչիկի: Ո՞վ էր այս Յապոնչիկը. Գլիոզան այդ ժամանակ դեռ չգիտեր: Նա ստանում է 2.500 ռուբլին, տալիս նախարարի խորհրդականներից մեկին, բայց գործը չի ստացվում, և փողը վերադարձնում է Նիկոֆորովային: Սա` ըստ Գլիոզայի: Իսկ ըստ Ղազարովի, այս խորհրդականը գումարը պարզապես գրպանել է: Իվանկովը 1975-ի հունիսին հանդիպում է Գլիոզային ու պահանջում վերադարձնել պարտքը:

– Դու ինձ պարտք ես 5 կտոր: Կվերադարձնես վաղը` երեկոյան ժամը 10-ին, Խորհրդային բանակի թատրոնի մոտ: Իսկ առայժմ ես վերցնում եմ քո մեքենան,- ցածր, բայց հաստատաձայն ասում է Իվանկովը:

Գլիոզայի մեքենան ուներ աչքի ընկնող պետհամարանիշ («00-01 ՄՕՖ». այսպիսի համարներ ունեին Մոսկվայի միլիցիայի «շեֆերը») և հատուկ «տալոն», որն արգելում էր ստուգել ավտոմեքենան ու նրանում եղած անձանց: Իվանկովը «տալոնը» նույնպես վերցրեց: Բնական է, որ Գլիոզան պետավտոտեսչությունում ուներ «լավ» ծանոթներ, ովքեր նրան խորհուրդ տվեցին դիմել Մոսկվայի քրեական հետախուզություն` “МУР”: Երբ ներկայացված լուսանկարների մեջ նա ճանաչեց իրեն «վիրավորողին», օպերներից մեկը բերանից թռցրեց.

– Յապոնչիկն է: 1971 թվականից ենք փորձում նրան որսալ:

«Լկտիին» ձերբակալելու համար մշակվեց օպերատիվ պլան: Գլիոզան պետք էր որպես խայծ: Տուժողը պետք է Իվանկովին ասեր, թե պարտքը բերել է և օպերներին հարձակման նշան աներ` մազերը սղալելով: Հանդիպման վայրում Իվանկովը Գլիոզայի մեքենայով, ինքն էլ` ղեկին, մոտեցավ Գլիոզային, նրան հրամայեց նստել ու անմիջապես տեղից պոկվեց: Տուժողը «մազերը սղալելու» ժամանակ չունեցավ, անգամ ձերբակալման գործողության հնարավորությունը հասավ նվազագույնի: Այդ ժամանակ Իվանկովի մեքենայի դեմ դուրս եկան թաքստոցում նստած օպերները և կրակ բացեցին: Գնդակոծված «Վոլգայի» ուղևորներն անվնաս մնացին, ու մեքենան սլացավ դեպի անէություն: Այդ օրերին շոկի մեջ էին բոլորը` դատախազությունը, ՊԱԿ-ը: Իշխանությունները նույնիսկ մտածեցին, որ հրաձգությունն ամերիկյան հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքն է: Իսկ այդ նույն ժամանակ Իվանկովի ընկերները նամակներ ուղարկեցին Բրեժնևին, Կոսիգինին, Անդրոպովին և Շչոլոկովին: Նրանք հաղորդում էին, որ կրակել է ոչ թե Իվանկովը, այլ միլիցիոները: Երբ Յապոնչիկին, այնուամենայնիվ, ձերբակալեցին, Գլիոզան փոխեց իր ցուցմունքն ու հայտարարեց, որ ինքն իսկապես պարտավոր էր փողը վերադարձնել, որը Յապոնչիկին չէր տվել Կալյա Նիկոֆորովան, որն այդ ժամանակ դատապարտվել էր վալյուտային զեղծարարությունների համար:

3. Չէ՛, դուք գնացեք Կիև ու հարցրեք, թե ով էր…

Իվանկովն այդ տարիներին արդեն հանցագործ աշխարհի լեգենդներից մեկն էր դառնում: Նա «հեղինակություն» էր վայելում նաև պրոֆեսիոնալ գողերի շրջապատում: Բայց քրեական հետախուզությունն այդպես էլ դիմում չստացավ տուժածներից: Եվ ահա 1981 թվականին այդպիսի մարդ գտնվեց: Ֆիլատելիստ Արկադի Նիսենզոնն էր: Ահա քրեական գործում գտնվող նրա ցուցմունքը, որի համար Իվանկովին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման.

«… Մենք մտանք բնակարան… Ինձ մոտ սև պայուսակ կար, որի մեջ նամականիշների կատալոգն էր: Մոտ 15 րոպե անց դռան զանգը հնչեց: Եվան գնաց դուռը բացելու… Ներս մտան երկու տղամարդ, որոնց ազգանուններն էին Իվանկով ու Բիկով, ինչպես իմացա հետո: Իվանկովն Ալիկին ու Եվային ասաց, որ չանհանգստանան, նրանց միայն ես եմ պետք:

Իվանկովը մոտեցավ ինձ ու ասաց.

– Ես քեզ վաղուց եմ փնտրում: Ես Յապոնչիկն եմ:

Նա սպառնաց սպանել ինձ ու պահանջեց 60 հազար ռուբլի: Ես ասացի, որ ոչ մեկին ոչինչ պարտք չեմ: Նա վիրավորեց ինձ ու ասաց, որ 60 հազար ռուբլի պիտի տամ սրբապատկերների համար, 40 հազար էլ նրա համար, որ չեմ ընդունում իմ կատարած գողությունը»:

Արկադի Նիսենզոնը հավաքում էր ոչ միայն սրբապատկերներ ու դրոշմանիշներ: Նա թուլություն ուներ նաև տարադրամի հանդեպ: Մի գործընկեր ուներ` Մարկ Վոլոդարսկին, որը հետո օգնության համար դիմեց Իվանկովին: Նիսենզոնը Վոլոդարսկուն հրավիրում է «Տյոպլի ստան» ռեստորան: Վոլոդարսկին իր հետ վերցնում է մի քանի սրբապատկերներ, որոնք պետք է Նիսենզոնի հետ հանդիպելուց հետո ցույց տար ինչ-որ մեկին: Ռեստորանային հանդիպումի ավարտին Վոլոդարսկին մոտենում է իր մեքենային ու տեսնում, որ պահոցը ջարդուփշուր է արված, սրբապատկերներն էլ անհետացել են: Նա գողության համար անմիջապես մեղադրում է Նիսենզոնին: Թեև ֆիլատելիստը հավատացնում էր, որ ինքն անտեղյակ է, Վոլոդարսկին իր կապերի շնորհիվ Յապոնչիկին խնդրում է օգնել: Խեղճ ֆիլատելիստին «ընդհատակյա» բնակարան է բերում նույն Կալյա Նիկոֆորովան` ինչ-որ պատճառ հնարելով:

Իվանկովի «դրած» 100.000 ռուբլի «պարտքի» տակ կքած ֆիլատելիստը երկու քարի արանքում էր. միլիցիա դիմե՞լ, թե՞ ոչ. չէ՞ որ իր «ձեռքերն էլ մաքուր չէին»: Բայց քրեական հետախուզությունն ամեն ինչին արդեն տեղյակ էր: Սկսվել էր աննախադեպ մի գործողություն: Որոշեցին Իվանկովին ձերբակալել իր համախոհների հետ: ժամկետը ճշտվեց. 1981թ. մայիսի 14: Մոսկվայի քրեական հետախույզները որոշել էին ամեն կերպ հասնել «Լկտիին» ու նրան լավ «ֆռռացնում» էին` ստույգ տեղեկություններ ունենալով նրա բոլոր հանդիպումների մասին: Սամոտյոկում գտնվող մի տան մեջ հանդիպելու առիթը տվեց մոսկովյան մի խաղամոլ` «Լոխմատի» մականունով, նա Իվանկովին խնդրեց, որ Կիևի խաղանենգներից ետ ստանա իր 28 հազար ռուբլին: Վյաչեսլավ Կիրիլովիչն անմիջապես զանգեց Կիև..

Խոսում է Յապոնեցը: Ձեզ սպասում եմ մայիսի 13-ին, ժամը 18:00-ին, «ասորիների տանը»: Կգաք փողով:

Կիևի խաղանենգները` լիովին հնազանդ, եկան նշված հասցեով, Յապոնչիկին տվեցին 1.000 դոլար ու ֆիոնիտի մեծ խմբաքանակ: «МУР»-ի ամբողջ օպերատիվ կազմը մայիսի 14-ին աշխատում էր Յապոնչիկի ու նրա կապերի ուղղությամբ: Ավելի քան 200 խուզարկություն կատարվեց: Հերթապահություն էր սահմանված Պլաներնայա փողոցում գտնվող հվանկովի տան մոտ: Թաքստոց մտած հետախույզները 8:30-ին նկատեցին, թե ինչպես Իվանկովը զանգահարեց փողոցի տաքսաֆոնից, հետո գնդակի արագությամբ մոտեցավ իր մեքենային ու սլացավ: Պարզ էր, որ տեղեկության արտահոսք էր եղել: Քիչ հետո նա մի պահ կանգնեցնում է մեքենան, որպեսզի կինը նստի, և սլանում է խճուղով: Ու սկսվում է գանգստերական ֆիլմերին վայել հետապնդումը: Այս հետապնդման մասնակից Իվան Բիրյուկովը հետագայում «Հույժ գաղտնի» ամսաթերթի մեկնաբան Լարիսա Կիսլինսկայային պատմել է, թե ինչպես ինքը, կիսով չափ դուրս գալով սլացող ավտոմեքենայի պատուհանից, երկու անգամ կրակել է Iվանկովի մեքենայի վրա: Միլիցիայի լուսանկարիչը նույնիսկ հասցրել է «հավերժացնել» այդ պահը… Իվանկովը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացներ խստացված ռեժիմի գաղութում:

4. Նրան սիրել են բազմաթիվ կանայք…

Յապոնչիկը երբեմն դիմում էր իր ծանոթ կանանցից մեկի` Սվետայի օգնությանը, որը մեծ կապեր ուներ իրավաբանական ոլորտներում: Մոսկվայում էր ապրում Iվանկովի մի ուրիշ սիրուհի, որն աշխատում էր կրեմլյան պոլիկլինիկայում: Մեկ այլ սիրուհի էլ ուներ նա` Սեչենովի անվան նյարդային հիվանդությունների կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ Եվգենյա Ժիվոտովան, որը 1981-ին սիրեցյալի համար անբեկանելի ալիբի ստեղծեց և համագործակցության համար դատապարտվեց ուղղիչ աշխատանքների:

5 . - Չեմ խոստովանի, եթե գլխիվայր էլ կախեն:

1972 թվականի հունվարին Մոսկվայում վնասազերծվեց հայտնի «օրենքով գող» Մոնղոլի (այժմ` հանգուցյալ) ղեկավարությամբ գործող կազմակերպված հանցախումբը: 1930-ին ծնված այս ահարկու գողի խմբում ձերբակալվեցին նաև Վյաչեսլավ Իվանկովը, «Բալդա» մականունով «օրենքով գող» Վլադիմիր Բիկովը (ծնված 1937 թ.): Բալդան դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, իսկ Յապոնչիկին հաջողվեց խույս տալ պատժից…

…Երեկոյան Մոսկվայի միլիցիայի բաժանմունքներից մեկում հեռախոսազանգ հնչեց.

– Գողացել են իմ մեքենան,-դժգոհեցին հեռախոսափողում:-Եվ ցանկանում են, որ… ես գնեմ այն:
– Ո՞վ գնի,-գլխի չընկավ հերթապահ միլիցիոները:
– Ես… Ես գնեմ իմ մեքենան:
– Եթե սա հիմար խաղ է, Ձեզ համար վատ վերջ կունենա: Մեր խոսակցությունը ձայնագրվում է, իսկ հատուկ սարքը կպարզի Ձեր հեռախոսահամարը,- խաբեց հերթապահ միլիցիոները:

Այդ ժամանակ հեռախոսահամարը որոշող միայն մեկ-երկու սարք կար Խորհրդային Միությունում, և միլիցիայի սովորական բաժանմունքին դրանից չէր հասնում: Դա օգտագործում էին հատուկ ծառայությունները, բայց ոչ միլիցիան: Ապա հմուտ օրինապահն արեց այն, ինչ նման դեպքերում պետք է աներ:

– Այդպիսի հարցերը հեռախոսով չեն լուծվում: Եկեք բաժանմունք, դիմում ներկայացրեք: Կլուծենք Ձեր խնդիրը… Բայց սկզբի համար գոնե ներկայացեք: Ո՞վ եք, որտե՞ղ եք ապրում:

Խաղ անելիս նման դեպքերում ընկալուչն անմիջապես դնում են: Այս անգամ ձգվող դադարը նշանակում էր, որ հեռախոսակապի մյուս ծայրում գտնվողը կենտրոնացած մտածում է: Լռությունն առաջինը խախտեց միլիցիոները.

– Ալո, Դուք ինձ լսո՞ւմ եք:
– Այո,- արտաբերեց զրուցակիցը և հայտնեց իր անուն-ազգանունը: Երկրով մեկ հայտնի մարդ էր, մայրաքաղաքի հայտնի թատրոններից մեկի ադմինիստրատորը:

Կատարվածի մասին զեկուցեցին գրեթե ամենավերևներին: Կտրուկ ու խիստ հրամանը շարժման մեջ դրեց միլիցիայի ողջ կազմը: Պարզվեց, որ գողացված մեքենան տիրոջը վաճառել ցանկացող գողը հայտնի էր Մոսկվայի քրեական հետախույզներին. Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովն էր` Յապոնչիկը:

1976 թվականն էր: Որոշեցին հանցագործին կալանքի վերցնել սովորական «ձեռագրով»` հանցագործության վայրում, որպեսզի մեղադրական փաստերի պակաս չլիներ: Տուժողը հայտնեց, թե որտեղ ու երբ պետք է կատարվի «գործարքը»: Այնտեղ միլիցիան դարան սարքեց, մերձակա փողոցները փակվեցին, արգելքներ դրվեցին նրբանցքներում: Մեծ ուժ ու միտք ծախսվեց: Բայց ոչինչ էլ չստացվեց: Ամենակարևոր պահին Յապոնչիկը նկատեց կամ զգաց վտանգը: Մեքենայով մոտենալով պայմանավորված վայրին` նա, կանգ առնելու և փողը վերցնելու փոխարեն, հանկարծ շրջադարձ արեց և մեծ արագությամբ սլացավ միլիցիոներների կողքով: Նրան սկսեցին հետապնդել քրեական հետախույզներով լցված մի քանի ավտոմեքենաներ: Հետապնդումը շարունակվեց կրակոցներով, ինչպես հոլիվուդյան մարտաֆիլմերում: Իվանկովը հրաշալի վարորդ էր: Կատաղի արագությամբ անցնում էր խոչընդոտներից, հմտորեն թեքվում շրջադարձերին: Մազ էր մնացել, որ նրա մեքենան անհետանար: Բայց հետապնդողներն սկսեցին կրակել անիվներին ու ծակեցին 3 ավտոդողերը: Յապոնչիկը դուրս թռավ մեքենայից ու սկսեց կրակել: Դա փոքր-ինչ շփոթեցրեց հետապնդողներին: Յապոնչիկն օգտվեց նրանց շփոթմունքից ու թաքնվեց: Լքված մեքենայում մահացու վախեցած մի աղջիկ էր պառկած…

Ինչպես նշում է այս պատմությանը քաջատեղյակ, միլիցիայի պահեստի գնդապետ Ալեքսեյ Տարաբրինը, Յապոնչիկի որոնումները շարունակվեցին ավելի քան մեկուկես տարի: Բայց ոչ մի արդյունք: Եվ հանկարծ Յապոնչիկն ինքնակամ ներկայացավ միլիցիա: Ոչ, նա չէր եկել հանձնվելու, այլ պայքարը շարունակելու: Ինչպես պարզվեց, նա այդ ժամանակն օգտագործել էր իր ալիբին սարքելու համար: Իրավապահներին նյութեր տրամադրեց, ըստ որոնց` հանցագործն ինքը չէ, այլ խարդախ ադմինիստրատորը, որն Իվանկովի ծանոթին «գցել» էր մեքենայի վաճառքի ժամանակ:

Այս վարկածը հաստատեցին միանգամից մի քանիսը, այդ թվում` Յապոնչիկի սիրուհին` «ցեխավիկ» Կալյա Նիկոֆորովան: Նա այդ ժամանակ իր պատիժն էր կրում գաղութում առևտրական ու վալյուտային խարդախությունների համար: Բայց նույնիսկ կալանավայրից նա ցուցմունք ուղարկեց և ապահովեց Յապոնչիկի ալիբին: Դա պարզապես անսպասելի էր քննիչների համար: Յապոնչիկն ու Կալյան հանդիպել, առավել ևս պայմանավորվել չէին կարող: Բացի դրանից, դատավճիռն արձակելուց առաջ դատարանը պարտավոր էր հաշվի առնել Իվանկովի բողոքներն առողջության իմաստով: Նրան ուղարկեցին դատաբժշկական փորձաքննության: Հեղինակավոր հանձնաժողովը որոշեց, որ Իվանկովը հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ: Ձեռուոտ էր ընկել նաև փաստաբանը, որը մեծ հաջողությամբ կազմակերպեց պաշտպանությունը: Նա կարողացավ մեղադրանքից հանել 146-րդ հոդվածը (ավազակություն): Այս դատաքննության ժամանակ Իվանկովի փաստաբանը Հենրիխ Պադվան էր: Մի քանի ամիս տևած դատավարությունից հետո նա մամուլում գրեց. «Սլավա Յապոնչիկն անընկճելի կամքի տեր մարդ է: Պարզապես հնարավոր չէ նրան կոտրել: Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հարցրի. «Դուք կխոստովանե՞ք»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ինձ ի՞նչ պատասխանեց. «Ո՛չ, եթե անգամ ինձ գլխիվայր կախեն կեռից»: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չէին»:

6. Բանտից` Ամերիկա

Բանտը Յապոնչիկի «ծառայողական» ցուցակում ավելացրեց ևս երկու դատվածություն: Անազատության մեջ նա «հարաբերություններ էր ճշտել» բանտի ղեկավարության ներկայացուցչի ու մի բանտարկյալի հետ, որը փորձել էր նրան վիրավորել:

1990-ի սկզբին նրա կինը` Լիդիա Այվազովնան, ամուսնուն ներելու խնդրանքով դիմում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ Սվյատոսլավ Ֆյոդորովին: Այս հայտնի դեմքը երբեք չի ժխտել իր դերն Իվանկովի ճակատագրում: Ներելն, իհարկե, չներեցին, բայց ազատեցին ժամկետից շուտ:

1992-ին Վյաչեսլավ Կիրիլովիչն ԱՄՆ մեկնեց իր արտասահմանյան անձնագրով: Նա Ամերիկա մտավ որպես «12 Ա» ստուդիայի կինոֆիլմի տնօրեն (ստուդիայի ղեկավարը Ռոլան Բիկովն էր, իսկ կինոֆիլմի տնօրենը պատասխանատու էր միայն ֆիլմ նկարահանելու համար): Քրեական հետախույզները ստուդիայում հետո կհայտնաբերեն Իվանկովին տրված 300 դոլարի օրապահիկի փաստաթուղթը:

Իմանալով, որ Իվանկովը մեկնել է, ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը որոշեց պարզել, թե ինչպես կարելի է կալանավայրից ազատ արձակվելու մասին տեղեկանքի հիման վրա արտասահմանյան անձնագիր ստանալ: Պարզվեց, որ Իվանկովը մշտական գրանցում ունի Ռոստովի մարզի Վեսելովսկու շրջանում: Իսկ հաշվառման չի կանգնել, ինչպես պետք է լիներ բոլոր կրկնահանցագործների գրանցման կարգով: Միլիցիան պարտավոր էր քրեական գործ հարուցել, եթե վերահսկողության տակ գտնվողը չէր ներկայանում: Բայց միլիցիայի տեղական բաժանմունքը դա չէր արել, որովհետև իրենց մոտ ևս մեկ «չբացված գործ» կավելանար: Այսպիսի որոշման հետ համակերպվեց նախ քաղաքային, ապա նաև գլխավոր դատախազությունը: ՌԴ ՆԳՆ-ն Իվանկովի մասին բոլոր նյութերն ու տվյալները փոխանցեց ՀՖԲ: Այդ ժամանակ Յապոնչիկն արդեն հայտնի էր ԱՄՆ-ում: Եվ ոչ միայն ռուսական մամուլի հաղորդագրություններով: Ամերիկյան հանրահայտ գրող Ռոբերտ Մուրը նրան իր նոր վեպի գլխավոր հերոսն էր դարձրել:

7. Ռուսական Ռոբին Հուդը` ամերիկյան դատարանում

Հռչակավոր երգիչ Վիլլի Տոկարևին միայն Իվանկովի անունն օգնեց լուծել իր բոլոր պրոբլեմները ԱՄՆ-ում ծաղկող իտալական մաֆիայի հետ: Նա պատմել է, թե ինչպես է Բրայթոն-Բիչի «Օդեսա» գիշերային ակումբում ունեցած շռնդալից ելույթներից հետո իր տանը հնչել հեռախոսազանգը: Տղամարդու ձայնը գումար էր պահանջում: Անծանոթը նախ խոսել է իտալերեն (Տոկարևը հասկացել է, որ դա զանգահարողի մայրենի լեզուն է), ապա նաև անգլերեն: Հրահանգը միանգամայն հստակ էր. երգիչը պետք է «մուծվի» մաֆիային: Բրայթոն-Բիչի տղաները Տոկարևին խորհուրդ են տվել զանգել Սլավային:

– Այդ ժամանակ ես անձամբ չէի ճանաչում Վյաչեսլավ Կիրիլովիչին,- պատմում է Տոկարևը:- Բայց ակումբում ինձ միշտ փոխանցում էին նրա ողջույնները: Պարզվում է, դեռ Մոսկվայում մենք լուսանկարվել էինք իմ համերգներից մեկի ժամանակ: Ես գլխի ընկա, թե ինչ մարդ է նա: Երբ կրկին իմ տանը հեռախոսազանգ հնչեց, ես պարզապես ասացի, թե կասեմ Սլավային: Դա բավական էր: Ինձ այլևս չանհանգստացրին:

1994թ. գարնանը «Չարա» բանկի ղեկավար Վլադիմիր Ռաչուկը 2,7 միլիոն դոլար գումար ներդրեց «Սամմիթ ինտերնեյշնլ» միավորումում: Օգոստոսին «Չարայում» ֆինանսական դժվարություններ առաջացան, և Ռաչուկը ֆիրմայի տերերին` Ալեքսանդր Վոլկովին ու Վլադիմիր Վոլոշինին (նրանք այդ ժամանակ ապրում էին Նյու Յորքում), նախազգուշացրեց, որ փողի հետևից կգա Օլեգ անունով մեկը: Նոյեմբերին Ռաչուկը վախճանվեց խորհրդավոր պայմաններում: Պաշտոնական վարկածով` ինքնասպանություն: «Չարա» բանկը պայթեց, և ավանդատուների ողջ գումարը հօդս ցնդեց: Այդ ժամա¬նակ Նյու Յորք եկան Ռուստամ Սադիկովը, Մաքսիմ Կորոստիշևսկին ու Վլադիմիր Տոպկան: Ինչպես ասված է Լեստեր ՄըքՆալտիի (ՀՖԲ գործա¬կալ) դատաքննչական ցուցմունքում. «… նրանք մի քանի միլիոն դոլար պոկերին Վոլկովից ու Վոլոշինից` տալով Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովի անունը, որն ավելի հայտնի է Յապոնչիկ մականունով»:

1995-ի հունիսի 8-ի առավոտյան սկսվեցին ձերբակալությունները: Կալանվածների մեջ հայտնվեց նաև Սերգեյ Գազարովը: Բայց շուտով Դագարովին բաց թողեցին` համոզվելով, որ անմեղ է: Դադարովն այսպես է մեկնաբանում եղելությունը. «Սլավային խնդրեցին օգնել վերադարձնել «Չարայի» ավանդատուների գումարները: Նա տուժեց, իսկ սրիկաները կրկին մնացին ազատության մեջ»:

Նյու Յորքի դատարանի ատենակալներն այս ամենը համարեցին թոշակառուների համար հորինված հեքիաթ Ռոբին Հուդի մասին: Դատավճիռը` «Մեղավոր» է:

8. Մի կրակոցով` երկու թուրք

2000-ի ապրիլին Մոսկվայի դատախազությունը հեռակա մեղադրանք ներկայացրեց Վյաչեսլավ Իվանկովին ՌԴ ՔՕ 102-րդ հոդվածով (երկու կամ ավելի մարդկանց սպանություն): Խոսքը Մոսկվայի «Ֆիդան» ռեստորանում 1992 թ. հունվարին Թուրքիայի քաղաքացիների սպանության մասին է: Հետաքննության վարկածի համաձայն` Յապոնչիկին և իր ընկերոջը` «օրենքով գող» Վյաչեսլավ Սլիվային դուր չի եկել այն, որ հանդերձապահն առաջինը սպասարկել է թուրքերին, և խոսքակռվից հետո Յապոնչիկն իբր կրակել է երեք թուրքի վրա: Երկուսը տեղում մահացել են, երրորդը` ծանր վիրավորվել: Այդ ժամանակ չհաջողվեց որևէ մեկին ձերբակալել: Եվ միայն 8 տարի անց առաջ քաշվեց Իվանկովի մեղավորության վարկածը: Այդ ժամանակ, սակայն, վկաներից մեկը` հանդերձապահը, մահացել էր, իսկ մահից փրկված թուրքը ոչ մի պայմանով չէր ցանկանում Մոսկվա գնալ:

Սակայն դեպքերը մի փոքր այլ կերպ են ընթացել, քան նկարագրված է պաշտոնական հաշվետվության էջերում: Յապոնչիկն իսկապես մոտեցել է հանդերձապահին` իր վերարկուն ստանալու: Նրանից հետո մոտեցած թուրքերն արհամարհական ժեստով ետ են մղել Յապոնչիկին` ասելով. «Մոսկվայում մենք ենք տերը»: Ապա անմիջապես հանել են ատրճանակներն ու կրակել: Միայն բախտի բերմամբ է, որ Յապոնչիկն ու իր բարեկամները չեն վիրավորվել: Իսկ հարբած թուրքի կրակոցներից սպանվել են նրա երկու ազգակիցները: Ահա թե ինչու ակամա թուրքասպան թուրքը չի համաձայնում գնալ Մոսկվա` ցուցմունք տալու:

Մոսկվայի քաղաքային դատախազությունն այս գործը չի մեկնաբանում: Բայց, ինչպես հայտարարել է քննիչներից մեկը (իհարկե, չտալով իր անունը), «այս ամենը գլխավոր դատախազության խարդավանքներն են, մեր ունեցած չբացահայտված գործերը մեզ հերիք են` մետրոյի կայարաններում, «Նացիոնալ» հյուրանոցի մոտ կատարված պայթյունները, բանդիտներ, մարդասպաններ, մոլագարներ… Մենք միշտ էլ ազնվորեն ենք աշխատել ու «պատվեր» չենք կատարել»:

9. «Մութ գործերում» բացակայում են մատնահետքերը

Ո՞ւմ էր ձեռնտու «պատվեր» տալը: ՀՖԲ գործակալ Մայքլ ՄըքՔոլի կարծիքով, Իվանկովը Ռուսաստանում ոչ միայն ազդեցիկ բարեկամներ, այլև նույնքան ազդեցիկ թշնամիներ ունի: Ովքե՞ր են նրանք:

Վարկածներից մեկն այն է, որ Իվանկովի գործի վրա իր ձեռքն է դրել «ամենազոր ՊԱԿ-ը»: Այս վարկածն առաջացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ արտասահման մեկնելու համար Իվանկովի փաստաթղթերը ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում պատրաստել է «Պրիորիտետ» ֆիրման: Երբ նա ստացավ անհրաժեշտ փաստաթղթերը, ֆիրման` որպես այդ անվամբ կոչվող ՍՊԸ, դադարեցրեց իր գործունեությունը: Տեղեկություններ տարածվեցին, որ սրա ետևում կանգնած են ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներ: Բայց հատկապես այդ ժամանակ հյուպատոսական վարչությունում գործում էր մի ավազակախումբ, որը կաշառքով դիվանագիտական անձնագրեր էր տալիս բոլոր մաֆիոզներին: Խոսում են նաև, որ «Չարայի» ետևում նույնպես նախկին «ԳեԲեշնիկներ» էին կանգնած, որոնք դարձել էին առևտրային այս բանկը ստեղծող ֆիրմաների հիմնադիրները: ՊԱԿ-ի գործող պահեստազորի սպաներից մեկը, որն ուղղակի կապ ուներ «Չարայի» հետ, պատմում է, որ հաստիքացուցակային նախկին շատ աշխատողներ 1991-ին պարկերով փող էին բերում` արտասահման անցկացնելու համար: Այնքան շատ փող կար, որ ամբողջ կղզիներ էին գնվում: Վարկածներից մեկի համաձայն` քրեական աշխարհի առասպելական այս մարդն արտասահմանում կարող էր «տանիք» դառնալ փող անցկացրած շատերի համար: Եվ հենց Ռուսաստանում կռվախնձոր դարձած անչափ մեծ գումարներն էլ Յապոնչիկին կրկին տարան բանտ: Այս վարկածն ընդունում է նաև Իվանկովի փաստաբան Յուրի Ռակիտինը:

Այնուամենայնիվ, սրանք սոսկ վարկածներ են:

– Իրականությունն այն է, որ Իվանկովին Ռուսաստանին հանձնելու համար հիմք ծառայած նախկին գործի վաղեմության ժամկետը լրացել է 2002 թվականի սկզբներին,- ասում է փաստաբան Յուրի Ռակիտինը:- Եվ այս հիմքով քր. գործը պետք է կասեցվեր դեռ հետաքննության շրջանում: Բայց նախնական հետաքննության մարմինները խախտում են օրենքները` հայտարարելով, թե վաղեմության ժամկետը կիրառելու կամ չընդունելու որոշում կարող է կայացնել միայն դատարանը: Ըստ օրենքի, վաղեմության ժամկետը չի կիրառվում այն հանցագործությունների դեպքում, որոնց համար նախատեսվում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: ՌԴ ՍԴ-ն արդեն արգելել է մահապատիժը: Նախկին քրեական օրենսգրքով ցմահ ազատազրկում նախատեսված չէր: Նշանակում է, մեր դեպքն այս բացառությանը չի ենթարկ¬վում: Բացի դրանից, վաղեմության ժամկետը սկզբունքորեն ազդում էնան հետաքննության ժամկետի վրա, որն ապօրինի ու անհիմն երկարաձգվեց մինչև 2004 թ. նոյեմբերի 18-ը: Եվ գլխավոր դատախազությունը հավանաբար չգիտե ինչպես դուրս գալ դրությունից` պահպանելով համազգեստի պատիվը: Իմ պաշտպանյալը դեմ է, որ գործը կարճվի ձևական, հնարովի հիմքերով: Նա բացառում է իր մեղքը` հաշվի առնելով, որ դա արդարացման պատճառ չէ: Նա համաձայն կարող է լինել միայն մեկ պայմանի, որևէ պատժի կիրառման բացառում, որովհետև արդեն նստել է բանտում:

Այս գործում իսկապես շատ մութ տեղեր կան: Ինչո՞ւ հետաքննության տեսադաշտում Իվանկովը հայտնվեց միայն 2000 թվականին, երբ մեռավ ծեծուջարդի դրդիչ Վյաչեսլավ Սլիվան: Եթե Յապոնչիկը հատկապես վտանգավոր կրկնահանցագործ է, նրա մատնահետքերը պետք է գտնվեին միլիցիայի քարտարաններում, և կարելի էր դրանք համեմատել: Դրանք հնարավոր կլիներ հայտնաբերել, երբ գործի վերաքննությունն սկսվեց: Չգիտես ինչպես, անմիջապես նշանակվում է հետքաբանական փորձաքննություն շշի և բաժակի համար, որոնք գտնվել են դեպքի վայրում: Ու հետքերն անմիջապես Երևան են գալիս: Սա օրենքի բացահայտ խախտում է:

-Զարմանում եմ,- շարունակում է Ռակիտինը,- ինչո՞ւ է գլխավոր դատախազությունը հայտարարում, որ իմ պաշտպանյալը թաքնվել է հետաքննությունից: Ինչպե՞ս նա կարող էր թաքնվել, երբ այդ ժամանակ գտնվում էր ուրիշ պետության բանտում, և այդ մասին գիտեին բոլորը:

Ռուսաստանի ՆԳՆ գործող աշխատակիցներից ոչ մեկը չի համարձակվում կանխատեսել, թե ինչ կլինի հետագայում: Ոմանք կարծում են, որ Իվանկովն այլևս ոչ մի ուժ չունի, նշանակում է նա արդեն վտանգավոր չէ: Միլիցիայի գնդապետ Անատոլի Ժոգլոն այս կարծիքին համաձայն չէ.

– Յապոնչիկի փաստաբանը հայտարարում է, թե Կիրիլիչը երազում է սոսկ խաղաղ ձկնորսության մասին: Եթե անգամ Իվանկովը հեռանա գործից, – մտորում է գնդապետը,- միևնույնն է, նրան որպես «հեղինակության» կդիմեն իրենց հարցերը լուծելու համար: Այդպես եղել է Սավոսկայի պարագայում (այս հին գողը, որը մահացավ 2003 թ. ամռանը, «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի հերոսներից մեկի` «Կիրպիչի» նախատիպն է եղել):

– «Գողերի» հետ աշխատել չի կարելի, նրանց պետք է նստեցնել,- գրեթե կրկնելով Ժեգլովին` ասում է «МУР»-ի նախկին պետ Յուրի Ֆեդոսևը: – ճիշտ է, եղել է, որ երբեմն կաշառել ենք «օրենքով գողերի»: Բայց նրանք են մեզ օգտագործել, ոչ թե մենք նրանց` հաճախ կազմակերպելով տեղեկության «արտահոսք»: Յապոնչիկը, եթե նույնիսկ հեռանա գործից, հավանաբար դեռ երկար ժամանակ կմնա փայփայված ու սիրելի անձ:

10. Հանցագործի ուրախ կյանքը` մի քանի տողով

«Օրենքով գող» Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովը ծնվել է 1940 թ. հունվարի 2-ին, Մոսկվայում: Նախ ապրել է Մոսկվայի Նովոյասենևսկի պողոտա, 22 տուն, 3-րդ մասնաշենք, բն. 382 հասցեում: Քրեական մականուններն են «Յապոնչիկ», «Յապոնեց», «Ռեդ», «Ասորի փեսա»: Իվանկովն ազատազրկման է դատապարտվել մի քանի անգամ. 1974թ. ՌՍՖՍՀ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 1976թ. ՌՍՖՍՀ ՔՕ 145-րդ հոդվածի 2-րդ և 191-րդ հոդվածի 2-րդ մասերով ուղարկվել է Սմոլենսկի բանտային տիպի հոգեբուժական հիվանդանոց` պարտադիր բուժման: 1982թ. ՌՍՖՍՀ ՔՕ 146-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆի ա. և բ. մասերով, 218-րդ հոդվածի 1-ին մասով և 196- րդ հոդվածով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, որը պետք է կրեր ուժեղացված ռեժիմի գաղութում: Արդեն գաղութում 1986թ. նա դատապարտվում է 193-րդ հոդվածի 2-րդ մասով, 1988-ին` 110-րդ հոդվածով:

Այս հոդվածները նշանակում են, որ Իվանկովը դատապարտվել է նախապես կեղծ փաստաթուղթ օգտագործելու, բռնությամբ զուգակցված թալանի, միլիցիայի աշխատակցի վրա ոտնձգություն կատարելու` այլ մարդկանց հետ նախապես պայմանավորվելով զենքով հարձակում գործելու, հասարակական պարտականություն կատարելիս անձի վրա հարձակվելու և կանխամտածված մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար:

1991-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մեղմացրեց Իվանկովի նկատմամբ կիրառված պատիժը, և հենց այդ տարվա նոյեմբերին նա ազատվեց կալանքից: 1992-ի մարտին Իվանկովը մեկնեց ԱՄՆ: 1995-ի հուլիսի 8-ին Նյու Յորքում Իվանկովին ու էլի մի քանի հանցագործի ձերբակալեց ՀՖԲ-ն` նրանց մեղադրելով Ամերիկայում բնակություն հաստատած երկու ռուսից 3,5 մլն դոլար շորթելու մեջ: 1997-ին Յապոնչիկը դատապարտվեց 9 տարի 7 ամիս ազատազրկման: Ժամկետը լրանալուց հետո` 2004-ի հուլիսի 13-ին, ոստիկանների ուղեկցությամբ նա բերվեց Մոսկվա` «Մատրոսսկայա տիշինա» բանտ:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան

Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Այսօր Դիլիջանի 480-ամյակն Պրեմիերա. Ռազմիկ Ամյան-«Знаю» Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն․ Տոնի Կրոս «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը Փառատոնների երկիր, Հայաստան Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում Հայաստանի ԱԳՆ-ն նոր է հասկացել, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ուզում Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի, հայրենասիրության համար. Նաիրի Սարգսյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ «Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնությունՍա կրավորական եւ հանձնողական իշխանություն է. Ավետիք Չալաբյան Նրա մասին, թե ով է Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում գտնվելու հիմնական շահառունՄհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհում Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան «Հայաստանը ես եմ»-ը 4-րդ առաջարկ-պահանջն է ներկայացրել կառավարությանը, պետական կառույցներին ՍԴ դատավորները պատվեր են կատարել. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելը. Բայդենի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ըԴավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Կրակոցներ՝ Արարատի մարզում. կա վիրավոր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում«Մի անգամ առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց, 4 ժամ հետո վերադարձա». Սոս Ջանիբեկյան Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կատակերգական «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան: Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում էԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Պորտուի» հետ. «Ռոման» պարտվեց «Էլֆսբորգին» Ռուսական նվազող ազդեցության փոխարեն այստեղ լցվում է թուրքականը. Ավետիք Չալաբյան Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել․ Հայկ Կոստանյան12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է«Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՍև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխին. Past.am Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հյուրընկալել է ավագ դպրոցի աշակերտներինՅունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար