Ֆրանսիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան
ՄիջազգայինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը պաշտոնական այցով ժամանել է Իրան: Tasnim-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը, զարգացումները Մերձավոր Արեւելքում:
Թեհրան այցի նախօրեին Լե Դրիանը նշել էր, որ Իրանին անհրաժեշտ է լուծել բալիստիկ հրթիռային ծրագրի հարցը, հակառակ դեպքում նա նոր պատժամիջոցների բախվելու ռիսկին կգնա։ Նրա խոսքով, այդ ծրագիրը համատեղելի չէ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հետ եւ գերազանցում է սահմանների պաշտպանության Իրանի պահանջները։
Բարձրաստիճան իրանական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական նշանակություն ունի, ընդգծելով, որ Ֆրանսիան եւ որեւէ այլ երկիր չեն կարող որոշումներ կայացնել Իրանի պաշտպանության հարցերի շուրջ:
Դեկտեմբերին Թեհրանը Փարիզին խորհուրդ էր տվել զգույշ լինել Իրանի մասին հայտարարություններում այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններ սկսելու կոչ էր արել: