«Ռոսավիացիան» չի հաստատել Մերձմոսկվայում կործանված ԱՆ-148-ի օդաչուների զրույցի իսկությունը
Միջազգային«Ռոսավիացիայի» ներկայացուցիչները չեն հաստատել Մերձմոսկվայում կործանված «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող Ան-148 ինքնաթիռի օդաչուների զրույցի «վերծանման» իսկությունը:
«Ներկայացված զրույցի «վերծանումը» ապատեղեկացնում է հանրությանը օդաչուների խցիկում կատարվածի մասին: Դրանում խառնված են օդանավի հրամանատարի և երկրորդ օդաչուի երկխոսությունները, առկա են բառեր և արտահայտություններ, որոնք բացակայում են զրույցի իրական ձայնագրություններում», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:
Գերատեսչությունում զրույցի ձայնագրության տեքստի հրապարակումը էթիկային հակասող են անվանել, ինչը չի համապատասխանում ավիավթարների հետաքննության չափանիշներին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակվել էր օդաչուների զրույցի տեքստը:
Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել փետրվարի 11-ին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ: