Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը կմնա կալանքի տակ
ՄիջազգայինԹուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
ԱՄՆ հյուպատոսարանում երկար տարիներ աշխատող Համզա Ուլուչայը կալանավորվել էր 2017 թվականի մարտին: «Ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքով նրա դեմ դատական գործ է հարուցվել, Ուլուչայը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Մարտի 14-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա է եղել նաև մեղադրյալը, ով հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: Դատարանը վճռել է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ:
ԱՄՆ իշխանությունները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել իրենց աշխատակցի կալանավորման առնչությամբ՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել նրան: