Ալիևյան ռեժիմը շարունակում է անօրինական ձերբակալությունների միջոցով խոսքի ազատությունը սահմանափակելու քաղաքականությունը
ՄիջազգայինԱդրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ մարտի 10-ին անօրինաբար ձերբակալվել են 6 երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Բաքվի վերաքննիչ դատարանում մարտի 16-ին տեղի ունեցած դատավարությամբ ակտիվիստներից 2-ը ենթարկվել են 20 օրվա, 4-ը` 15 օրվա ազատազրկման:
Ընդդիմադիր ակտիվիստների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` ձերբակալություններն անօրինական են, և դրանց համար հիմնավոր պատճառներ չկան:
Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող ակտիվիստները, լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ:
Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է ընդդիմադիրներին, նրանց ընտանիքի անդամներին և ձերբակալությունների, սպառնալիքների, հետևողական ճնշումների միջոցով երկրում սահամանափակում խոսքի ազատությունը:
Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ: