Թրամփը Պուտինին սպառազինությունների նոր մրցավազքում հաղթանակի մասին չի ասել. Պեսկով
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի խոսել սպառազինությունների նոր մրցավազքում հաղթանակի մասին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ այս խոստման մասին, վկայակոչելով աղբյուրներին, պատմել էր NBC հեռուստաալիքը:
«Ոչ, նման բան խոսակցության ընթացքում չի ասվել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ինչ վերաբերում է հեռախոսազրույցի բովանդակությոանը, ապա մենք հայտնել ենք դրա մասին այն, ինչ անհրաժեշտ ենք համարել», - մեկնաբանել է Դմիտրի Պեսկովը: Նա հատկապես ընդգծել է, որ «ռուսական կողմը երբեք չի հրապարակել պետությունների ղեկավարների գաղտնի զրույցների բովանդակությունը»:
Հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ առաջնորդներն «ընդգծել են սպառազինությունների մրցավազքի սահմանափակմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը»:
Ըստ NBC-ի՝ Ռուսաստանի նախագահի հետ զրույցում Թրամփը արել է հետեւյալ արտահայտությունը. «Եթե դուք սպառազինությունների մրցավազք եք ցանկանում սկսել, մենք կարող ենք գնալ դրան, սակայն ես կհաղթեմ»: