ՌԴ քննչական կոմիտեն Կեմերովոյի առևտրային կենտրոնի հրդեհից նոր տեսանյութ է հրապարակել
ՄիջազգայինՌուսաստանի քննչական կոմիտեն Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրային կենտրոնի հրդեհի նոր տեսանյութ է հրապարակել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութի կադրերում ներկայացված են 64 մարդու կյանք խլած հրդեհի առաջին րոպեները: Երևում է, թե ինչպես են շփոթված մարդիկ փորձում լքել մանկական գոտին, որտեղ բռնկվել է հրդեհը:
Տեսախցիկները ֆիքսել են, որ շենքում հրդեհի բռնկվելուց մի քանի վայրկյան անց անջատվել են լուսավորությունը, և առևտրային կենտրոնի այցելուները ստիպված են եղել ելքեր փնտրել մթության մեջ:
Կեմերովոյի 4 հարկանի առևտրային կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Այն սկսվել է վերևի հարկից, որտեղ գտնվել են կինոսրահները և խաղային սրահները:
Առաջին քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ողբերգությունից մեկ շաբաթ առաջ անջատել են առևտրային կենտրոնի ավտոմատ ազդանշանային համակարգը:
Ողբերգության պատճառները բացահայտելու աշխատանքներն իրականացնում է ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեագետների խումբը: Քննչական խումբը ղեկավարում է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Հրդեհի պատճառների վերաբերյալ ամբողջական փորձաքննությունը կտևի մինչև երեք ամիս: