Սիրիային հարվածներ հասցրել են այն ժամանակ, երբ այդ երկիրը խաղաղ ապագայի շանս էր ստացել. Զախարովա
ՄիջազգայինԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Սիրիային հարվածներ հասցրել են այն ժամանակ, երբ այդ երկիրը խաղաղ ապագայի շանս էր ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս ամենի թիկունքում կանգնած են նրանք, որոնք հավակնում են աշխարհում բարոյական առաջնորդության, հայտարարում են իրենց բացառիկության մասին: Պետք է, իսկապես բացառիկ լինել, որ այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի շանս էր ստացել, գնդակոծել նրա մայրաքաղաքը»,-նշել է Զախարովան:
Դիվանագետը նաեւ հայտարարել է արեւմտյան լրատվամիջոցների պատասխանատվության մասին՝ այդ հարվածների համար: «Սպիտակ տունը հայտարարել է, որ Դամասկոսում քիմիական զենքի մասին վստահությունը հիմնված է լրատվամիջոցների վստահություն ներշնչող հաղորդագրությունների վրա»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ նման հայտարարությունից հետո ամերիկյան եւ այլ լրատվամիջոցները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:
Նշենք, որ Սիրիայի տարածքին հարվածելու առիթ է դարձել ապրիլի 7-ի միջադեպը Սիրիայի Դումա քաղաքում, որտեղ որոշ պնդումների համաձայն, քիմիական զենք է կիրառվել: Այդ տեղեկատվությունը տարածել են մի շարք հասարակական կազմակերպություններ: