Գազայի հատվածում բախումները քաղաքագետը կապում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ
ՄիջազգայինԳազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումները ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու արդյունքն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Իսրայելը Երուսաղեմը դիտարկում է որպես մայրաքաղաք: Համապատասխանաբար, նրանք այս քաղաքը դիտարկում են որպես վայր, որտեղ պետք է լինեն այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Խնդիրը նրանում է, որ Երուսաղեմի համար միջազգային կարգավիճակը տարբերվում է այն կարգավիճակից, որ ունի Երուսաղեմը Իսրայելի համար»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը, որը բերելու է պաղեստինցիների և Իսրայելի համար ցանկալի լուծման:
Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ պետք է լինի՝ առկա հակամարտությունն իր լուծումը պետք է ստանա բանակցային գործընթացի շրջանակներում:
«Հենց դա էլ պետք է ընդունելի լինի կոնֆլիկտի կողմերի համար»,- հավելեց քաղաքագետը: