Իսրայելը սկսել է ծովային արգելապատնեշ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին
ՄիջազգայինԻսրայելը սկսել է Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով ծովային արգելապատնեշի կառուցման աշխատանքները: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Այսօր մենք սկսել են ծովային պատնեշ ստեղծել, որը միակն է իր տեսակով աշխարհում, և որը կարգելափակի ծովով Գազայից Իսրայել ներթափանցելու հնարավորությունը», - իսրայելցի նախարարը գրել է իր թվիթերյան էջում:
Նրա խոսքով՝ այդ արգելապատնեշի շնորհիվ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը ևս մեկ ռազմավարական հնարավորություն կկորցնի:
Լիբերմանն ընդգծել է, որ տվյալ կառույցի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի վերջին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելն ու Եգիպտոսը շրջափակման մեջ են առել Գազան 2007 թվականին, երբ ՀԱՄԱՍ շարժումը վերահսկողություն է սահմանել այնտեղ: