Թուրքիան այստեղից ոչ ոքի չի ստանա․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ իրենց երկրում ապաստանած թուրք զինվորականների մասին
ՄիջազգայինՀունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողանա իրենցից ստանալ 8 բարձրաստիճան թուրք զինվորականներին, որոնք երկրից փախել են ռազմական հեղաշրջման փորձից հետո և այժմ գտնվում են Հունաստանի տարածքում։ Այս մասին հույն նախարարը խոսել է հունական պետական ERT հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ օրերս Հունաստան փախած թուրք զինվորականներից 4-ը հունական դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Մինչ այս դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել ևս 4 թուրք զինվորականի վերաբերյալ, վերջիններս այժմ քաղաքական ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել իշխանություններին։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել էր, որ անկախ Հունաստանի դիրքորոշումից ՝ իրենք կգտնեն ու Թուրքիա կբերեն զինվորականներին։
«Ինչ ուզում են, թող անեն, մեր պարտքն է գտնել նրանց, «փաթեթավորել» ու Թուրքիա բերել», - ասել էր Բոզդաղը։
Դրան ի պատասխան՝ Կոցիասը շեշետել է, որ Հունաստանի իշխանությունների միակ պարտքն այս պարագայում արդարադատության հաստատումն ապահովելն է։
«Թուրքիան գիտի, որ մենք այն երկիրը չենք, ում հետ կարելի է խաղեր խաղալ։ Այստեղից ոչ ոքի չեք ստանա»,- ասել է նախարարը։