ԱՄՆ իշխանություններն անօրինական ներգաղթյալների ընտանիք են վերադարձրել ավելի քան 500 երեխաների
ՄիջազգայինԱՄՆ իշխանություններն անօրինական ներգաղթյալների ընտանիք են վերադարձրել ավելի քան 500 երեխաների, որոնք բաժանվել էին ծնողներից «զրո հանդուրժողականություն միգրացիոն օրենսդրությունը խախտողների նկատմամբ» վարվող քաղաքականության հետեւանքով։ Այս տվյալները հրապարակել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայություններն խնամակալ ընտանիքներին են վերադարձրել 522 օտարերկրացի երեխաների, որոնց բաժանել էին չափահասներից զրոյական հանդուրժողականության նախաձեռնության շրջանակում»,-նշված է հաղորդագրությունում։ Սպասվում է, որ մոտակա 24 ժամվա ընթացքում ընտանիք կվերադարձվեն եւս 16 երեխաներ։
Չորեքշաբթի Թրամփը հանձնարարել էր արդարադատության նախարարությանը հասնել Քալիֆորնիա նահանգի շրջանային դատարաններից մեկի կարգադրագրի փոփոխության այնպես, որ անօրինական կերպով ԱՄՆ սահմանը հատած ընտանիքներին հնարավորություն տրվի միասին գտնվել նախնական կալանավայրերում մինչեւ դատարանը կքննի նրանց գործերը։