Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը
ՄիջազգայինՃապոնիայում տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած սողանքների ու վարարումների պատճառով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 62 մարդու, 45 մարդ համարվում է անհետ կորած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կիոդո» գործակալության տվյալներով, զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում՝ Հիրոսիմա պրեֆեկտուրայում եւ Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայում։ NHK հեռուստաալիքը հաղորդում է, որ 6 մարդ գտնվում է անգիտակից վիճակում, եւս 45 մարդ համարվում է անհետ կորած։ AP գործակալությունը հայտնել է 76 զոհերի մասին։
Ուրբաթ օրը Ճապոնիայի կենտրոնական եւ հարավ-արեւմտյան հատվածներում տեղատարափ անձրեւներ են սկսել տեղալ։ Կիրակի առավոտյան Գիֆու պրեֆեկտուրայում ավելի քան 1020 միլիմետր տեղումներ են գրանցվել, Էհիմե պրեֆեկտուրայում՝ 745 միլիմետր, Կիոտոյում՝ 465 միլիմետր, Հիրոսիմայում՝ 442 միլիմետր, Հյոգոյում՝ 430 միլիմետր, Օկայամա պրեֆեկտուրայում, որտեղ մի շարք շրջաններում տները մինչեւ 2 հարկն ու ավելին ջրով են պատված, տեղացել է 310 միլիմետր։ Սա 2-3 անգամ գերազանցում է միջին ամսական ցուցանիշը։
Առավոտյան Ճապոնիայի վարչապետի աշխատակազմում իր աշխատանքն է սկսել վերջին տեղատարափ անձրեւների շուրջ տեղեկությունների հավաքման եւ համակարգման եւ աղետի հետեւանքների վերացմամբ զբաղվող գերատեսչությունների աշխատանքի համակարգման հարցերով կառավարական շտաբը։ Նիստի ժամանակ Աբեն կոչ է արել շարունակել փրկարարական միջոցառումներն ու տուժածների տարհանումը։