Թաիլանդի առափնյա ռեստորաններից մեկում փլուզվել է հատակը. կա 29 տուժած
ՄիջազգայինԹաիլանդի Չոնբուրի նահանգում՝ Սիամի ծոցի ափին, ռեստորաններից մեկում փլուզվել է փայտե հատակը, ինչի հետևանքով 29 մարդ վնասվածքներ ու կոտրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Bangkok Post թերթը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պատայա զբոսաշրջային քաղաքից 30 կմ հեռավորության վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեստորանի փայտե հատակը, որը 200 մետրով առաջ է ընկած ծովի մեջ, փլուզվել է, երբ մի խումբ այցելուներ մտել են այնտեղ:
Փլուզման հետևանքով վեց մետրանոց փոս է գոյացել, որի մեջ է ընկել 70 մարդ: Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով՝ այդ պահին ծովում տեղատվություն էր, հակառակ դեպքում մարդիկ կհայտնվեին ջրում:
Փրկարարներին ավելի քան մի ժամ է պահանջվել բոլոր ընկածներին վերև բարձրացնելու և տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Այնուհետև բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: