Հելսինկիի բնակիչներին խորհուրդ են տվել պատուհաններից չնայել Պուտինի և Թրամփի շարասյուներին
ՄիջազգայինՖինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին, որ չարժե տների պատուհաններից և պատշգամբներից հետևել, թե ինչպես են քաղաքում ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շարասյուները նրանց հանդիպման օրը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Չարժե մոտենալ պատուհաններին և դուրս գալ պատշգամբներ, եթե երևում է, որ մոտենում է շարասյունը: Չարժե նաև բացել պատուհանները: Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, բայց դա անշուշտ կգրավի մեր ուշադրությունը և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը: Դա կարող է լրացուցիչ գործողություններ իրականացնելու պատճառ դառնալ»,- ասել է ոստիկանական վարչության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ոստիկանությունը կարող է ստուգումներ իրականացնել այդ նախազգուշացումը խախտած բնակիչների տանը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հելսինկիում երկուշաբթի՝ հուլիսի 16-ին Նախագահական պալատում: